Մասնագիտացված երկու մանկատներում բարձրացվել է խնամվողների տարիքային շեմը

0
152

ՀՀ կառավարության 08.09.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող  հատուկ տիպի մանկատների կանոնադրություններում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն  «Գյումրու  «Երեխաների տուն»  և «Խարբերդի մասնագիտացված մանկատներում բարձրացվել է երեխաների տարիքային շեմը:

«Գյումրու  «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ը, որը նախատեսված է 0-6 տարեկան երեխաների շուրջօրյա խնամքի  համար, իրականացնում է  125 երեխայի շուրջօրյա խնամք, սակայն խնամվող երեխաներից 45-ի  վեց տարին լրացել է և նրանք շարունակում են խնամվել մանկատանը` պայմանավորված այլ հաստատություն տեղափոխելու անհնարինությամբ:

Մանկատան շենքային պայմանները թույլ են տալիս խնամել մինչև 130 երեխայի. և  որոշման համաձայն առաջարկվում է  երեխաների տարիքային շեմը բարձրացնել մինչև ութ տարեկան:

«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ը նախատեսված է 220 երեխայի շուրջօրյա խնամքի համար, սակայն տարիներ շարունակ, տեղափոխության տարբերակ չունենալու պատճառով, մանկատանը շարունակում են խնամվել մեծ թվով 18 տարին լրացած անձինք: Ներկայում չափահասների թիվը կազմում է 128:

Փոփոխության համաձայն  հաստատությունում կխնամվեն մանկատուն մինչև  18 տարին լրանալն ընդունված և 18-ից հետո մանկատանը խնամվող  հաշմանդամություն ունեցող անձինք:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվում են  երեք հատուկ /մասնագիտացված/  հաստատություններ, որոնք  նախատեսված են ծանր սահմանափակ կարողություններ ունեցող` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների շուրջօրյա խնամքի համար: