Նախարարի տեղակալը ներկա է գտնվել «Հիվանդների տնային խնամքը» գրքի շնորհանդեսին

0
131

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը մասնակցել է  «Հիվանդների տնային խնամքը» գրքի շնորհանդեսին:

Գիրքը Գերմանական Կարիտասի փորձագետ, մասնագիտացված խնամող/բուժքույր/ մանկավարժ և տարեցների խնամքի խորհրդատու Ինգեբուրգ Բարդենի աշխատության հայալեզու թարգմանությունն է, որում զետեղված տնային խնամքի մոտեցումները լայն կիրառութուն են գտել մի շարք եվրոպական և հետխորհրդային պետություններում:

Նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը կարևորել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ թե երեխաների, թե տարեցների և թե հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն ոլորտներում:

Համագործակցության առումով նախարարի տեղակալն ընդգծել է ոլորտի պետական քաղաքականությունը և մոտեցումները հասարակական կազմակերպություններին ներկայացնելու, սոցիալական ցանց ստեղծելու և փորձի փոխանակման կարևորությունը:  Փոխնախարարի խոսքով՝  «Հայկական կարիտասի» հետ համագործակցությունը սոցիալական գործընկերության զարգացման և նոր մեխանիզմների ներդրման  հիմք  է:

Անդրադառնալով «Հիվանդների տնային խնամքը» գրքին՝ Ջեմմա Բաղդասարյանը նշել է, որ  այս ուսումնական ձեռնարկը  տարեցներին սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ամբողջական տեղեկատվություն կարող է տրամադրել:  «Այս ձեռնարկը և պետական և ոչ պետական կառույցների համար  ոլորտում տարեցների գրագետ խնամքի, տնային պայմաններում սոցիալական սպասարկաման ծառայություններ տրամադրող պրակտիկ գործիք կարող է հանդիսանալ»,-նշել է փոխնախարարը:

Շնորհանդեսին ներկա էին  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, պետական այրեր, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզպետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի հասարակական կազմակերպություններ: