ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի հերթական նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է ՀՀ Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզում իրականացնել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով մարզի համայնքներին աջակցելը:
Փորձնական ծրագրով առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման հետևյալ ոլորտները`
1) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, մանկատուն, ծերանոց և այլն) հարակից տարածքների բարեկարգման (սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման և այլն) աշխատանքները,
2) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, լուսավորման ապահովման, սանիտարական մաքրման, կանաչապատման, ծառատնկման աշխատանքները,
3) արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները,
4) պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները,
5) գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքները.
6) բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները:
Ծրագրում ընդգրկված գործազուրկին` վարձատրվող հասարակական աշխատանքները կատարելու համար 1 աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 7 հազար դրամ` ներառյալ հարկերը:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր ծրագրի նախագիծ պետք է քննարկի և հաստատի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան և ՀՀ ՏԿԱԻՆ-ի կողմից ստեղծվող հանձնաժողովը, ընդ որում` ծրագրի շրջանակներում ապրանքների և ծառայությունների ձեռք բերումը համայնքների կողմից նախատեսվում է իրականացնել` հիմք ընդունելով տվյալ ծրագրով հաստատված` առավելագույն գներն ու սակագները:
Նախագծի 30 փորձնական ծրագրերի համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 60 մլն դրամ: