Արտեմ Ասատրյանը խորհրդակցություն է անցկացրել ԲՍՓ ստորաբաժանումների ղեկավարների հետ

0
107

Հուլիսի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ստորաբաժանումների ղեկավարների, տարածքային և մասնագիտացված հանձնաժողովների նախագահների հետ:

Հանդիպման ընթացքում  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը նախարարին ներկայացրել է  Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից առաջին կիսամյակում իրականացված աշխատանքները, միասնական ընդունարանների գործարկման ընթացքը, հանձնաժողովների աշխատանքների բարելավման, սպասարկման տարածքների օպտիմալացման, Երևան քաղաքի հանձնաժողովների ռոտացիոն փոփոխության առաջարկները:

Նախարարին է զեկուցվել նաև ոլորտում առկա խնդիրները, դրական և բացասական միտումները, մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները:  Խնդիրների շարքում կարևորվել են  «Զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդություն, խեղում կամ վնասվածք» պատճառական կապով հաշմանդամության աճը, կենսաթոշակային տարիքի անձանց և մանկական հաշմանդամության ցուցանիշների աճի միտումը:

Ներկայացվել է նաև բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով ուղղված դիմումները միասնական ընդունարաններով ստանալու գործընթացը, որոշ տեխնիկական խնդիրներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամփոփելով խորհրդակցությունը՝ կարևորել է ոլորտում մատուցվող ծառայությունների շարունակական բարելավումը, որակի բարձրացումը և ԲՍՓ ստորաբաժանումների ղեկավարներին մեկ անգամ ևս հորդորել քաղաքացիների նկատմամբ բարեկիրթ և հարգալից վերաբերմունքը դարձնել ամենօրյա աշխատանքի բաղկացուցիչ մաս:

Քննարկումների հիման վրա նախարարը հանձնարարել է ուսումնասիրել առաջին անգամ փորձաքննվածներից հաշմանդամ չճանաչվածների թվաքանակի նվազման, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ ստացած հիվանդության պատճառական կապով հաշմանդամների թվաքանակի աճի միտումների վերաբերյալ հարցերը և ներկայացնել առաջարկություններ:

Խորհրդակցությանը մասնակցել են  նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի համակարգող Անուշ Սիմոնյանը, Սոցիալական ապահովության ծառայության  պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: