ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելությամբ մեծ ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Այնուհետև, նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, ներկայիս զարգացումները, զբաղվածության պետական ծրագրերը, որոնք ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ինչպես նաև անդրադարձել ոլորտի մյուս ծրագրերին:
Պարոն Գիորգի Սագանելիձեն բարձր է գնահատել ոլորտում կատարված բարեփոխումները, որոնք հիմնականում ուղղված են հասարակության խոցելի շերտերին: Արժևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելությամբ ներդրում ունենալ երկու երկրների միջև կապերի խորացման ու ամրապնդման գործում:
Նույն օրը նախարար Արտեմ Ասատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին: Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում:
Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Քուվեյթի դեսպանության հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում այսօր կառուցվել և կահավորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցված Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքը, որը նախատեսված է անկողնային խնամք ստացող ավելի քան 70 տարեցի համար: Նախարարը հույս է հայտնել, որ բարեկամ Քուվեյթի հետ հարաբերությունները նորանշանակ դեսպանի ջանքերով ավելի կամրապնդվեն և նոր մարդասիրական ծրագրերի սկիզբ կհանդիսանան:
Իր հերթին դեսպան Աբդուլլահ ալ Էնեզին վստահեցրել է, համագործակցությունը շարունակական կլինի և կյանքի կկոչվեն բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հասարակության խոցելի խմբերին և կարիքավոր անձանց: