Նախարարի տեղակալը մասնակցել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» միջազգային աշխատաժողովին

0
73

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» խորագրով միջազգային աշխատաժողովին:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, նախարարի տեղակալը  նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի, մասնավորապես սոցիալական ներառման քաղաքականության ապահովման տեսանկյունից թեման իսկապես կարևոր է և արդիական:

«Վերջին տարիներին մեր երկրում իրականացվում են բարեփոխումներ սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում, որոնց նպատակն է ապահովել համընդհանուր ներառական կրթություն, հասցեական, որակյալ ծառայությունների տրամադրում: Ներառական կրթության մոդելը պարտադրում է երեխայի կարիքների բազմակողմանի գնահատում և գնահատված կարիքի հիման վրա ուսուցման ծրագրերի կազմում և ծառայությունների տրամադրում»,-իր խոսքում ընդգծել է   տիկին Ջեմմա Բաղդասարյանը և հավելել, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել և նպաստել ապագա մանկավարժների կարողությունների զարգացման գործընթացին:

Աշխատաժողովի նպատակն է ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսներին փոխանցել ներառական կրթության կազմակերպման վերաբերյալ միջազգային փորձը, իրականացնել կրթական ծրագրերի և ֆակուլտետում դասավանդվող առարկաների վերանայում և բարեփոխումներ, ինչի արդյունքում կամրապնդվեն ՀՊՄՀ կրթական, հետազոտական, ինչպես նաև ներառական կրթությանը արդյունավետ աջակցելու կարողությունները: