Քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցման մեխանիզմները

0
88

Հուլիսի 7-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որտեղ փորձագետների կողմից ներկայացվել է սոցիալական պաշտպանության համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված հետազոտությունների արդյունքները:  Արտակարգ իրավիճակներում ռիսկի նվազեցման գործոնի տեսանկյունից վերլուծվել են ոլորտի իրավական ակտերը` մասնավորապես «Սոցիալական աջակցության», «Զբաղվածության մասին» օրենքներն ու այլ փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի խոսքով` արդեն իսկ հստակեցված են արտակարգ իրավիճակների ոլորտում աղետների կառավարման ու վտանգների կանխարգելման մեխանիզմները.  «Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները ընթացել են անկախ և զուգահեռաբար` վերջին մեկ տարում արձանագրելով տեսանելի արդյունքներ: Ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որի գլխավոր հիմքը դեպքի վարման ինստիտուտն է, սոցիալական աշխատողի և սոցիալական աշխատանքի կայացումը: Կարևորագույն գործառույթ է սոցիալական կարիքի գնահատումը երեք մակարդակներով` անհատ-ընտանիք-համայնք»:

Հանդիպման ընթացքում  ներկայացվել  են մի շարք նկատառումներ ու առաջարկություններ կապված գործող իրավական ակտերի, արտակարգ իրավիճակների դասակարգման, աղետների ռիսկերի ապահովագրման համակարգի ներդրման հետ:

Աղետների դեպքում առավել շատ տուժում են սոցիալապես անապահով խավը` չունենալով բավարար միջոցներ լուծելու իր խնդիրները, սեփական միջոցներով հաղթահարել աղետի հետևանքները: Այս համատեքստում Աստղիկ Մինասյանի դիտարկմամբ` շահագրգիռ կառույցների համագործակցությունը նվազագույնի կհասցնի այն գործոնները, որոնք այս կամ այն կերպ ավելացնում են աղետների ռիսկերը սոցիալապես խոցելի խմբերի համար:

Քննարկմանը մասնակցել են գործընկեր պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: