ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար տիկին Նատալյա Վուտովային:
Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է տիկին Վուտովային նշանակման կապակացությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի լուծել մեր երկրի, մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպայի խորհրդի նոր գործողությունների ծրագիրը, որի հիման վրա Եվրոպայի խորհուրդը առաջիկա 3 տարիների ընթացքում պատրաստվում է աշխատել ՀՀ կառավարության հետ: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ծրագրում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներգրավածությանը, նախարարության գործունեությանը:
Քանի որ 2001 թվականին Հայաստանը միացել է սոցիալական խարտիային, ԵԽ գրասենյակի ղեկավարը հույս է հայտնել, որ գործողությունների ծրագրում առավել ուշադրություն կդարձվի սոցիալական այն իրավունքներին, որոնք միտված կլինեն երկրում բարեփոխումների իրականացմանը:
«Մեր աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններով շուրջ մեկ տասնյակ խնդիրների լուծում տվեցինք՝ կապված սոցիալական խարտիայի անհամապատասխանությունների հետ, որոնք նախկինում արձանագրվել էին հանձնաժողովների կողմից: Վստահ եմ՝ այս գործընթացքը շարունակական է լինելու»,-նշել է նախարարը:
Հանդիպման ավարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը համատեղ աշխատանքը առավել արդյունավետ դարձնելու նպատակով սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: