Սեպտեմբերի 24-ին Թուրքմենստանի պատվիրակությունը՝ ի դեմս խորհրդարանի պատգամավորների և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Թուրքմենստանի գրասենյակի ղեկավարի հյուրընկալվել էր Մաշտոցի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը և Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը պատվիրակության անդամներին ծանոթացրել են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին, համայնքային սոցիալական ծառայությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև տեղական սոցիալական պլանավորման ասպեկտներին: Պատվիրակությանը ներկայացվել է նաև դիմումների միասնական ընդունման հանակարգը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը կարևորում և բարձր է գնահատում նմանատիպ այցերը՝ ինչպես աշխատանքի գնահատման, այնպես էլ՝ հետագա համագործակցության տեսանկյունից: «Կարողանում ես ցույց տալ քո գործընկերներին կատարված և կատարվող աշխատանքները: Այս այցելությունը երկուստեք հետաքրքիր էր, քանի որ Թուրքմենստանի պատվիրակության անդամները ևս ներկայացրեցին իրենց երկրի սոցիալական ոլորտում կատարվող աշխատանքները: Նման հանդիպումները կարևոր են նաև կատարված աշխատանքներ վերարժևորելու առումով: Ներկայացնելու ընթացքում անգամ կարողանում ես հասկանալ՝ կա արդյոք որևէ բացթողում թե ոչ, քանի որ օտար աչքը կարողանում է տեսնել ու հասկանալ հատկապես այն, ինչը մեր սովոր աչքը երբեմն չի տեսնում»,-ասել է Աստղիկ Մինասյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Թուրքմենստանի գրասենյակի ղեկավար տիկին Բայրամգուլ Գարաբաևանը ևս տպավորված էր մեր երկրում սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներից, իր երկիր է վերադառնում մեծ տպավորություններով. «Շատ լավ տպավորություններ ունեմ մեր այցից և առանց վարանելու պետք է ասեմ, որ մենք զգացինք կառավարության աջակցությունը: Կան շատ լավ և արդյունավետ ծրագրեր՝ կապված կենսաթոշակառուների, զբաղվածության և այլ ոլորտների ուղղությունների հետ: Ինձ համար մի շատ կարևոր բան հասկացա, այն, որ զարգացած է սոցիալական աշխատողի ինստիտուտը, որն էլ կարող է շատ օգտակար լինել մեր երկրի՝ Թուրքմենստանի համար»,-նշել է տիկին Գարաբաևան:
Այցի ավարտին երկու կողմերն էլ նշել են, որ նմանատիպ այց-քննարկումները կարևոր հարթակ են մասնակից երկրների ներկայցուցիչների համար՝ ինչպես գիտելիքի, այնպես էլ հաջողված փորձի փոխանկման առումով: