Հայտարարվում է «Հավասար հնարավորություններ» խորագրով մրցույթ

0
117

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը  հայտարարում է «Հավասար հնարավորություններ» խորագրով մրցույթ:

Մրցույթին կարող են ներկայացվել և (կամ) ինքնառաջադրվել  անձինք, ովքեր 2016 թվականի ընթացքում էական հաջողություններ են արձանագրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման գործում:

Հաղթողները կպարգևատրվեն Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  շնորհակալագրով:

Թեկնածուների  առաջադրման և (կամ) ինքնառաջադրման գործընթացը կազմակերպելու նպատակով Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից մշակվել է հայտի ձև, համաձայն որի թեկնածուներն առաջադրվում և (կամ) ինքնառաջադրվում են  հետևյալ անվանակարգերում.

1)     Կրթության և գիտության բնագավառում  հավասար հնարավորություններ ստեղծելու  գործում ներդրած ջանքերի համար

2)    Սոցիալական ծառայությունների մատչելիության և հասանելիության գործում ներդրած ջանքերի համար

3)    Զբաղվածության (այդ թվում անհատ ձեռներեցության և ձեռնարկատիրական գործունեություն) բնագավառում հավասար հնարավորությունների ստեղծման գործում ներդրած ջանքերի համար

4)    Մշակույթի բնագավառում հավասար հնարավորությունների ստեղծման գործում ներդրած ջանքերի համար

5)    Սպորտի բնագավառում հավասար հնարավորությունների ստեղծման գործում ներդրած ջանքերի համար

6)   Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներդրած ջանքերի համար

7)    Հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում ներդրած ջանքերի համար

Վերոնշյալ անվանակարգերում թեկնածու առաջադրելու և (կամ) ինքնառաջադրվելու համար չկա որևէ սահմանափակում, որը կարող է պայմանավորված լինել հաշմանդամության առկայությամբ, սեռով, տարիքով, ազգությամբ կամ հաշմանդամության հիմքում ընկած խնդիրներով:  Նույն թեկնածուն կարող է առաջադրվել մի քանի անվանակարգերում:

Թեկնածուներն առաջադրվում կամ ինքնառաջադրվում են՝ հաշվի առնելով միայն 2016 թվականի ընթացքում թեկնածուի ունեցած ձեռքբերումներն ու հաջողությունները:

Հայտերը պետք է լրացվեն պատշաճ, ըստ պահանջների: Հայտի բոլոր դաշտերի լրացումը պարտադիր է:

Ներկայացված հայտերը կքննարկվեն Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  աշխատանքային խմբի կողմից:

Հայտերը կարող են ներկայացվել ինչպես առցանց՝ հետևյալ հղումով http://www.survio.com/survey/d/C6A1R5N7F7V6N2R8L,  այնպես էլ թղթային տարբերակով:

Հայտի  «Word» տարբերակը կարող  եք ներբեռնել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության old.mlsa.am  պաշտոնական կայքէջի Ազգային հանձնաժողովներ  բաժնից: Հայտի լրացված թղթային տարբերակը պետք է ներկայացնել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. դեկտեմբերի 9-ը և ժամկետից ուշ ներկայացվող հայտերը չեն ընդունվի:

Համաձայն  ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրային  որոշման, 2016 թվականը հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: