ամակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքներն ավելին են, քան կարելի էր ակնկալել. Ա. Ասատրյան

0
140

Համակարգային բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի 3 տարիների արդյունքները  ամփոփելու նպատակով օգոստոսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին այցելեցին  «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, որտեղ ծանոթացան «114» սոցիալական թեժ գիծ ծառայության աշխատանքներին, սոցիալական ոլորտում ներդրված նոր տեղեկատվական տեխնոլոգիաներին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր խոսքում նշեց, որ անցած 3 տարիների ընթացքում համակարգում տեղի ունեցած փոփոխությունների, բարեփոխումների արդյունքներն ավելին են, քան կարելի էր ակնկալել 3 տարի առաջ, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների մասով:

«Այսօր միջազգային փորձի կիրառմամբ ներդրվել են այնպիսի ՏՏ գործիքներ, որոնք գործում են աշխարհի ամենազարգացած սոցիալական համակարգեր ունեցող երկրներում: Դրանք լրջորեն վերափոխում են մեր ծառայությունների որակը` կանխարգելելով կոռուպցիան և քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնում են առավել հասցեական, իսկ վճարումները` ճշգրիտ: Սոցիալական թեժ գիծը նույնպես իր տարածմամբ և արդյունավետությամբ գերազանցեց մեր սպասելիքները` քանի որ նման ծառայության համար ընդամենը 3 տարին փոքր ժամանակահատված է այսպիսի լուրջ գործիք դառնալու և որպես ծառայություն կայանալու առումով: Եվ այս ամենը նման որակով ու արագությամբ չէր կարող իրականացվել, եթե չլիներ մեր այսօրվա հյուրերի գործուն, շահագրգիռ ու հոգատար աջակցությունը` Հայաստանի սոցիալական համակարգի զարգացման ուղղությամբ»,- ընդգծեց  նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարության «114» թեժ գծի ստեղծման 3-ամյա աշխատանքի արդյունքները ներկայացվեցին հատուկ շնորհանդեսով, որով նաև նշվեց նախարարությանն ու  քաղաքացիներին կապող օղակ դարձած կառույցի՝ «114» սոցիալական թեժ գծի ծննդյան օրը։ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին հարցադրումների միջոցով ծանոթացան թեժ գծի աշխատանքներին: Նրանց, մասնավորապես,  հետաքրքրում էր քաղաքացիների կողմից տրվող հարցերի շրջանակը, զանգերի դինամիկան:  Ներկայացվեց, որ 2012 թվականին թեժ գծով ստացվող զանգերի թիվը ամսական կազմում էր 50,   իսկ 2015-ին  այն  հասնում է 140-ի:

ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին «114» թեժ գիծ ծառայության ներդրումը համարեց Հայաստանի կյանքի որակի բարելավման անկյունաքարերից մեկը:  «Ես 1 տարի է Հայաստանում եմ, և չեմ տեսել հասարակության հետ այսքան պրոակտիվ աշխատող և քաղաքացիների ձայնին այս աստիճան ականջալուր գերատեսչություն, ինպիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է»,-ընդգծեց տիկին Բեյլին:

Դեսպան Միլսն իր հերթին  բարձր  գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ամուր ու արդյունավետ համագործակցությունը կենսական նշանակություն ունեցող սոցիալական բարեփոխումների իրականացման հարցերի շուրջ:

Նա իր խոսքում կարևորեց, որ  կոռուպցիայի դեմ պայքարելու համար հանրությունը պետք է վստահի պետական գերատեսչություններին. «114» սոցիալական թեժ գիծը այս ուղղությամբ տարվող ջանքերի առաջին գծում է գտնվում: Այստեղ ոչ միայն հավաստի ու ստույգ տեղեկություններ են հաղորդում քաղաքացիներին, պարզաբանում են սոցիալական տարբեր ծառայությունների՝ կենսաթոշակների, ընտանեկան նպաստների, հաշմանդամության նպաստների վերաբերյալ հարցերը, այլ նաև լսում են չարաշահումների ու խարդավանքների մասին քաղաքացիների հաղորդումները: Դուք Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն եք ընձեռում, որպեսզի նրանք պետական կառույցներից  հաշվետվողականություն պահանջեն»:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև համագործակցության վերջին երեք տարիների արդյունքները, այն առանցքային նախագծերը, որոնք էական ազդեցություն ունեն սոցիալական պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև անդրադարձ եղավ սոցիալական համակարգում, այդ թվում պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակային համակարգում առկա հիմնական մարտահրավերներին և դրանց տրվող լուծումներին: Ամփոփվեցին նաև կենսաթոշակային 1-ին բաղադրիչի ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված բարեփոխման արդյունքները:

Այցի ավարտին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալագրեր հանձնեց  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին արդյունավետ համագործակցության համար:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը: