Զբաղվածության խթանումը միգրացիայի դեմ պայքարի լավագույն միջոցն է

0
120

Հայաստանից նկատվող արտաքին միգրացիոն հոսքերի վերաբերյալ տարբեր ժամանակներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ հոսքերում դոմինանտ է հատկապես աշխատանքային միգրացիան:

Որպես կանոն՝ պոտենցիալ կամ արդեն միգրանտի կարգավիճակում հայտնված հարցվածների կեսից ավելին երկրից դուրս գալու դրդապատճառների թվում առաջինը նշում է Հայաստանում զբաղվածության հետ կապված խնդիրները, օրինակ՝ ցածր աշխատավարձ ստանալու հանգամանքը, բայց ավելի հաճախ հարցվողները նշում են հենց գործազրկությունը: Հայաստանից աշխատանքային միգրանտների ճնշող մեծամասնությունը 21-50 տարեկան ամուսնացած տղամարդիկ են: Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միգրացիան և զարգացումը: Հայաստանում առկա իրավիճակի ուսումնասիություն» զեկույցը ցույց է տալիս, որ 21-30 տարեկան և 51 տարեկան ու բարձր տարիքի միգրանտների մեծամասնությունը որոշել է մեկնել Հայաստանում աշխատանք գտնել չկարողանալու պատճառով:

Ստացվում է, որ միգրացիոն հոսքերի և դրանց պատճառների մասին խոսելիս՝ աշխատատեղերի պակասը, ինչպես նաև՝ գործազրկության հետ կապված խնդիրները, առաջնային նշանակություն են ձեռք բերում:

Այս համատեքստում կարևոր է հասկանալ և գնահատել պետության կողմից կատարվող միջոցառումները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության կայքից տեղեկանում ենք, որ զբաղվածության խթանման հարցում իրականացվում են մի շարք ծրագրեր:

Մեզ հետ զրույցում Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը նշեց, որ իրականացվող ծրագրերի հիմքում ընկած է մի շատ կարևոր փոփոխություն, որը բացառապես միտված է բարձրացնելու ոլորտում իրականացվող քայլերի արդյունավետությունը:

«2014 թվականից մենք սկսեցինք օրենսդրորեն դադարեցնել գործազրկության նպաստի վճարումը: Այդ բոլոր գումարները ուղղվեցին ակտիվ զբաղվածությունը խթանող ծրագրերին, որոնց մեկնարկը տրվեց 2014 թվականին: Այսինքն, պետությունը` ի դեմս կառավարության, գնաց ակտիվ զբաղվածության խթանման քաղաքականության. ոչ թե տալ պասիվ գումարներ, որոնք նույնիսկ մարդկանց չնչին կարիքները չեն բավարարի, այլ այդ գումարներն ուղղել նրանց դարձնելու զբաղված ու ավելի ակտիվ»,- նշեց Ա. Սիմոնյանը:

Որքանով, որ արտերկիր մեկնող աշխատանքային միգրանտների մեջ մեծ սեգմենտ են կազմում գյուղական համայնքների աշխատունակ տարիքի անձինք և միգրացիայի պատճառով հողագործությամբ զբաղվողների թիվը կրճատվում է, պետությունը առաջարկում է ծրագիր, որը նախատեսում է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: Ծրագրի նպատակն է` սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով, հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը: Ծրագրի շրջանակներում հող օգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակություն ունեցող անդամները, կամ աշխատանքային պայմանագրով` որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարողները ներգրավվում են հող օգտագործողի գյուղացիական տնտեսության աշխատանքներում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետությունից ստանալով չորս հազար դրամ: Արդյունքում գործազուրկ հանդիսացող անձը ժամանակավոր զբաղվածություն է ձեռք բերում՝ մյուս կողմից ստեղծելով արդյունք՝ գյուղմթերքի տեսքով: Մասնավորապես, 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում սեզոնային զբաղվածության ծրագրով 5629 անձ արդեն իսկ դարձել է ժամանակավոր զբաղված:

Մեկ այլ ծրագրով հնարավորություն է ընձեռվում աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով ՀՀ մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի), մասնավորապես, գյուղական բնակավայրերում և սահմանամերձ տարածաշրջաններում, շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերի համալրումը ու կայուն զբաղվածության ապահովումը: Ծրագրի շրջանակներում պետությունը տալիս է մի շարք երաշխիքներ, մասնավորապես՝ այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում՝ գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը, անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը։ Այլ վայրում աշխատանքի տեղավորման դեպքում գործազուրկին տրվում է միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով: Ակտիվ զբաղվածությունը խթանելուց բացի, պետությունը նաև իր օգնությունն է առաջարկում այն քաղաքացիներին, ովքեր հայտնվել են աշխատանքից ազատման ռիսկի տակ` պայմանավորված իրենց մասնագիտական հմտությունների ոչ այնքան մրցունակ լինելու հետ: Այս դեպքում պետությունը հոգում է այդ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին` պետբյուջեի հաշվին ֆինանսավորելով և կազմակերպելով վերամասնագիտացման, մասնագիտական որակավորման բարձրացման (3 ամիս տևողությամբ), ինչպես նաև նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթացներ (6 ամիս տևողությամբ): Այս ծրագրով այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով կա վերապատրաստված 943 անձ:

Զբաղվածության ոլորտի կարգավորման այս հայեցակարգային փոփոխությունները և դրանցով մեկնարկած ծրագրերը նոր են կիրառության մեջ դրվել, ուստի առաջիկա արդյունքների, ինչպես նաև միգրացիոն հոսքերում ներառված աշխատանքային միգրանտների թվի կրճատման վրա դրանց բարենպաստ ազդեցությունը կարելի կլինի գնահատել երկարաժամկետ հատվածում: Սակայն, մյուս կողմից էլ հաշվի առնելով միջազգային փորձը, կարելի է սպասել, որ ակտիվ զբաղվածությանն ուղղված այս ծրագրերը ոչ միայն ունակ են մեղմելու գործազրկության տեմպերը, այլ նաև ժամանակի ընթացքում էլ ավելի կառավարելի դարձնելու հանրապետությունից նկատվող աշխատանքային միգրացիոն հոսքերը:

Աղբյուրը՝ Aysor.am