ՀՀ աշխատանքային օրենսգրքով սոցիալական գործընկերությունը բնորոշվում է որպես աշխատողների (նրանց ներկայացուցիչների), գործատուների (նրանց ներկայացուցիչների), իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության միջև փոխհարաբերությունների համակարգ, որը կոչված է ապահովելու աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ սոցիալական գործընկերությունը, որպես կանոն, իրականացվում է հետևյալ ձևերով.
1) կոլեկտիվ բանակցությունների վարում` կապված կոլեկտիվ պայմանագրի նախագիծ կազմելու և կնքելու հետ.
2) փոխադարձ խորհրդատվությունների անցկացում և տեղեկատվության փոխանակում:
Վերջին տարիներին երկրում զգալի առաջընթաց է արձանագրվել սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում: Մասնավորապես. 2009թ. ապրիլի 27-ին ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության (այսուհետ` Կողմեր) միջև կնքվել է Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն: Պայմանագրով սահմանված էին սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար: Կողմերի 2012թ. հունիսի 30-ի համաձայնագրով Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. հունիսի 30-ը:
Հանրապետական մակարդակում սոցիալական գործընկերության զարգացման նոր փուլի սկիզբ կարելի է համարել ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև 2015 թվականի օգոստոսի 1-ին կնքված Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիրը:
Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: