Նախարար Ասատրյանը մասնակցել է Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը

0
84

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ավարտին նվիրված միջոցառմանը:

Իր ելույթում նախարարը  շնորհակալություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում իրականացված աշխատանքի և  համագործակցության համար՝ իր խոսքում մասնավորապես նշելով հետևալը.  «Հարգելի գործընկերներ, այսօր մենք փաստորեն շուրջ երեք ու կես տարվա կատարած աշխատանքների ամփոփման  միջոցառմանն ենք մասնակցում, որը մեզ նաև խորհելու տեղիք է տալիս այս ժամանակահատվածում համատեղ իրականացված աշխատանքների, անցած ճանապարհի, ձեռքբերած արդյունքների և նաև այն աշխատանքների համար, որոնք  չկարողացանք  ավարտին հասցնել:  

Բարձր ենք  գնահատում Ամերիկայի միջազգային զարգացման գործակալության հետ մեր ավելի քան 20 տարվա համագործակցությունը, քանի որ այն հիմնված է եղել  մեր նախարարության կարիքների վրա և այն խնդիրների ու առաջնահերթությունների հաշվառման, որոնք կարևորել է նախարարությունը:

Աշխատանքի այն ձևաչափերը, որ այս տարիներին ընթացքում իրականացվել է,  շատ արդյունավետ է եղել և լավագույնս  խտացվել է եղել կենսաթոշակային բարեփոխումների այս ծրագրի մեջ:  

Շնորհակալություն եմ  հայտնում և ԱՄՆ ՄԶԳ-ին և Քեմոնիքս կազմակերպությանը ի դեմս տնօրեն Արտակ Ղազարյանի և այն անձնակազմին, որի  հետ երկար տարիներ աշխատել ենք: Դուք այս ընթացքում չեք համարել, որ խնդիրները մերն են, այլ՝ համատեղ են, և ձեր ջանքերն ու բոլոր հնարավոր ռեսուրսները ներդրել եք,     որպեսզի կարողանանք համատեղ ապահովել այն արդյունքները, որոնք նախանշել ենք:

Այս համատեքստում ուզում եմ կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և մեր կառավարության հետ շարունակակական համագործակցությունը, որը վստահ եմ, որ շարունակվելու է: Ծրագրեր նաև նախատեսված են առաջիկայում, որոնք զուգընթաց են  մեր առկա մարտահրավերներին:

Վստահ եմ՝ այն արդյունքը, որ մենք այս ծրագրի շրջանակներում ունեցել ենք, այն նախադրյալները, որ ձևավորվել ենք,  լավ հիմք են հանդիսանալու  առաջիկայում իրականացվելիք և իրականացվող աշխատանքների և ծրագրերի համար
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություններ մաղթում»:

Ծրագրի  հաջողությունների մասին խոսել են նաև  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և ծրագրի կապալառու  կազմակերպության՝ Քեմոնիքս Ինթերնեշնլի Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ջոն Թիսսենը։

Այնուհետև  նախարարը շնորհակալագրեր է հանձնել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն  Դեբորա Գրիզերին և  Քեմոնիքս ընկերության ներկայացուցիչ Արտակ Ղազարյանին արդյունավետ համագործակցության համար:

Շնորհակալգրեր են հանձնվել նաև նախարարի տեղակալներ Սոնա Հարությունյանին և Ջեմմա Բաղդասարյանին Մոնիթորինգի և գնահատման համակարգի և Հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ/PRIP ծրագրի հետ համագործակցության համար:

Անցած 3,5 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն բարեփոխումների շրջանակներում աջակցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ինտեգրելու մի շարք տեղեկատվական շտեմարաններ մեկ միասնական առցանց պլատֆորմի՝ ePensionհամակարգի ներքո, ինչի արդյունքում սոցիալական պաշտպանության տվյալները դարձել են առավել ճշգրիտ եւ նվազեցվել են կոռուպցիոն ռիսկերը։ ePension (Էլեկտրոնային կենսաթոշակ) համակարգի միջոցով ՀՀ կառավարությունը կարողացել է բացառել կրկնակի հաշվառումն ու միեւնույն շահառուին տարբեր տարածքային ստորաբաժանումների կողմից կենսաթոշակի նշանակման դեպքերը։

Ծրագրի աջակցությամբ նախարարությունը նաեւ մշակել է երեխայի խնամքի նպաստի կենտրոնացված վճարային համակարգ, ինչի արդյունքում ընտանիքներն այլեւս չեն հայտնվի կոռուպցիոն ռիսկերի ներքո՝ երեխայի նպաստը ստանալու համար։ Հայաստանի կառավարությունը կարողացել է նաեւ թվայնացնել եւ արխիվացնել կենսաթոշակի թղթային գործերը, որով ապահովվել է էլեկտրոնային ֆայլերի պաշտպանությունը՝ տվյալների անօրինական փոփոխություններից կամ փոխանակումից։