Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի սոցիալական ապահովության համակարգերը

0
98

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  Արայիկ Պետրոսյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեստեց Կրալովեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակը երկու երկրներում սոցիալական ապահովության համակարգերի հետ ծանոթացումն էր և  «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև սոցիալական ապահովության մասին» պայմանագրի նախագծի քննարկումը:

Շնորհակալություն հայտնելով այցի և համատեղ գործունեության համար պարոն Պետրոսյանը նշել է, որ մեր երկիրը շատ է կարևորում նմանատիպ փաստաթղթերի առկայությունը, քանի որ այնտեղ ներկայացված է մարդու, քաղաքացու սահմանադրական և սոցիալական իրավունքների խնդիրը: «Կարծում եմ պայմանագրի իրացման առումով կլինեն որոշակի բարդություններ: Մեր երկիրն ունենալով մշակած քաղաքականություն ու մոտեցումներ՝  կօգնի գտնել խնդիրների լուծման առավել արդյունավետ տարբերակներ: Հիմքում ունենալով քաղաքացու սոցիալական իրավունքի իրացման խնդիրը, այնուամենայնիվ, այն լուծելու գործընթացում պետք է հաշվի առնել նաև տվյալ պետության հնարավորությունները»,-  ընդգծել է նախարարի տեղակալը:

Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փորձագետներն էլ իրենց հերթին ներկայացրել են իրենց երկրի կենսաթոշակային համակարգի մոտեցումները, տեսակետներն ու խնդիրները, ինչպես նաև երկու երկրների կողմից արդեն իսկ սահմանված առաջնահերթությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կենսաթոշակային համակարգի կարգավորման մեխանիզմների, գործատուների ներդրած գումարի և  վճարման հետ առնչվող այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ մշակել և ամբողջականացնել նշված նախագիծը: