ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Նկատի ունենալով հանդիպման ճանաչողական բնույթը` նախարարը նախ խոսեց երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված մշակութային ու քաղաքական հարաբերությունների մասին, որոնք կայուն հիմք են տնտեսական և սոցիալական ոլորտում հետագա սերտ համագործակցության համար: Համաձայնելով նախարարի հետ` դեսպանը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի տարածաշրջանի երկրների և Ֆրանսիայի Հանրապետության հետ հարաբերություններում: Նախարարը ներկայացրեց նաև նախարարության կառուցվածքը և գործառույթները:
Անդրադառնալով սոցիալական ոլորոտին` դեսպանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար օգտակար կլինի Ֆրանսիայի հարուստ փորձի կիրառումը սոցիալական երկխոսության կայացման, դրա օրենսդրական հիմնավորման, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում: Նա պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների աշխատանքի և սոցիալական ապահովության խնդիրներով զբաղվող կառույցների ուղղակի շփումների կայացմանը, փոխադարձ տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը:
Հանդիպման վերջում պարոն Վարդանյանը հստակեցրեց նախարարության և ֆրանսիական կողմի հետ ակնկալվող համագործակցության ոլորտները, որոնք են` սոցիալական գործընկերության ինստիտուտի կայացում, ժողովրդագրական քաղաքականության և տարեցների ազգային ծրագրի մշակում, կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացում:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում