ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն և ներկա գտնվել մանկատան սաների կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ երեխաները պարել, երգել և փոքրիկ բեմադրություն են ներկայացրել:
Շնորհավորելով երեխաներին օրվա առիթով՝ նախարարը մաղթել է առողջություն և վառ տպավորություններով լի օր. «Այսօր մանկատանն այս ջերմ և ուրախ մթնոլորտն ապահովում են հենց ձեր ուրախ ժպիտները, մաղթում եմ, որ այդ ժպիտները երբեք չիջնեն ձեր դեմքից»,-ասել է Արտեմ Ասատրյանը:
Այնուհետև նախարարը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի և կենցաղային պայմաններին, տարբեր թերապիաների համար նախատեսված սենյակներում զրուցել երեխաների հետ աշխատող մասնագետների հետ: Մասնագետներից նախարարը հատկապես հետաքրքրվել է երեխաների և ընտանիքի կապի ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքներից և հորդորել ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ խնդրին:
Նախարարն ուրախությամբ ծանոթացել է նաև մանկատան երեխաների ձեռքի աշխատանքներին, նրանց տարբեր ստեղծագործություններին:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Արտեմ Ասատրյանը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումն է երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների, որտեղ կմատուցվեն սոցիալ-վերականգնողական, հոգեբանական, մանկավարժական և այլ սոցիալական ծառայություններ: «Որքան մատչելի և հասանելի լինեն այլընտրանքային ծառայությունները համայնքում, այնքան հեշտ կլինի հատուկ կարիք ունեցող երեխաներին ևս պահել ընտանիքներում, սա է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն այսօր: Պետք է արվի հնարավորը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն իրականացնելու համար»,-ընդգծել է նախարարը: