Ծնողավարման հմտությունների պակասի դեպքում ընտանիքների հետ տարվում են աշխատանքներ. վերակազմակերպվել է Նուբարաշենի գիշերօթիկը

0
230

Aysor.amի թղթակիցը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի օգնական, ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պատասխանատու Աննա Սաֆարյանի հետ իրենց գերատեսչության ենթակայության տակ գտնվող գիշերօթիկ հաստատությունների նկատմամբ իրականացված  փոփոխությունների և տարված աշխատանքների մասին:

Նշենք՝ 2014 թվականի հուլիսի 17-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպման (բեռնաթափում) և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելման» մասին որոշում (N743): Այն հիմք է հանդիսացել սկսելու գիշերօթիկ հաստատությունների վերակազմավորման գործընթացը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարության ենթակայության տակ գիշերօթիկ հաստատությունները թվով քանի՞սն են:

– Վեցն են՝ Կապանում, Դիլիջանում, Վանաձորում, 2 հատ Գյումրիում և Բյուրեղավանում:

Հասցրե՞լ եք արդեն նշված գիշերօթիկ հաստատություններից գոնե մեկը վերակազմավորել:

– Գործընթացն արդեն սկսվել է, և մենք արդեն ունենք արդյունքներ, օրինակ՝ նախկինում Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունը վերակազմակերպվել է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի: Վերակազմակերպման նպատակը սոցիալապես անապահով երեխային ընտանիքից չկտրելն, և այնտեղ ապրելու իրավունքն ապահովելն է: Միևնույն ժամանակ, մենք վերափոխել ենք հաստատության անվանումը աջակցության կենտրոնի, որպեսզի երեխան, ունենալով որոշակի ծառայությունների կարիք, կարողանա դիմել կենտրոն: Մյուսը, որը նախատեսում ենք վերափոխել, Վանաձորինն է, սակայն ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ մինչև վերափոխումը, պետք է իրականացնել անհատական սոցիալական պայմանների գնահատում:

Տվյալ գործընթացի ավարտի վերջնաժակետը հայտնի՞ է:

– Ըստ նախնական ժամանակացույցի՝ նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը տվյալ գործընթացի մեկնարկը, բայց արդյունքների մասին խոսելը մի փոքր դժվար է, քանի որ կան գիշերօթիկ հաստատություններ, որոնք պետք է վերակազմակերպվեն անցումային փուլերով, այսինքն՝ ամբողջությամբ, միաժամանակ հնարավոր չէ բոլոր երեխաների համար վերացնել գիշերային խնամքը, քանի որ կան պրոբլեմատիկ ընտանիքներ, որոնց հետ նախապես աշխատանք պետք է իրականացվի: Այդ պատճառով առաջին փուլով մենք նախատեսում ենք այն երեխաներին, որոնց կարող ենք միանգամից ընտանիքներ վերադարձնել, իսկ մնացածի համար, ում ընտանիքների հետ պետք է իրականացնենք աշխատանքներ, պետք է անցումնային փուլ սահմանել, որպեսզի երեխան առավելագույնս ապահով պայմաններում վերադառնա ընտանիք:

Իսկ Նուբարաշենում այդ ծրագիրն իրականացնելուց ինչպիսի՞ խնդիրների եք բախվել:

– Խնդիրներն, իհարկե, շատ էին, քանի որ այնտեղ երեխաները հայտվում են սոցիալական խնդիրների պատճառով, կային ծնողավարման հմտույթունների խնդիրներ և այլն: Երբ եղել են սոցիալական անապահովության խնդիրներ, տրամադրել ենք համալիր սոցիալական աջակցության փաթեթներ, իսկ ծնողավարման հմտությունների պակասի դեպքում ընտանիքների հետ տարվել են աշխատանքներ ու մինչ օրս շարունակվում են: Եղել են դեպքեր, երբ երեխաներին տեղափոխել ենք այլ գիշերօթիկ հաստատություններ, քանի որ ընտանիքը ժամանակավորապես պատրաստ չէր եղել ընդունելու երեխային և նման ընտանիքների հետ վերը նշված անցումային փուլի աշխատանքներ դեռևս պետք է տարվեին:

Նուբարաշենի օրինակով՝ ինչպիսի՞ ծառայություններ է տրամադրում կենտրոնը:

– Այն վերափոխվելուց հետո երեք տարածք է սպասարկում՝ Նուբարաշենի, Շենգավիթի և Էրեբունու վարչական շրջանները: Այս պահին կենտրոնի ծառայություններից օգտվում է 91 երեխա, բայց կենտրոնը դեռ պետք է ընդլայնվի, քանի որ ունենք մեր կողմից գնահատման փուլում գտնվող տարածքներ, որի արդյունքում շահառուների թիվն էլ է մեծանալու: Յուրաքանչյուր երեխայի համար կազմվել է առանձին, անհատական զարգացման ծրագիր, նախապես կատարվել է կարիքների գնահատում, և կազմվել է համապատասխան ծրագիր, որի հիման վրա էլ իրականացվել է երեխայի տուն վերադարձը