Նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն. Հայաստանի և Արգենտինայի փորձը» խորագրով կոնֆերանսին

0
120

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 9-ին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Արգենտինայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն». Հայաստանի և Արգենտինայի փորձը» խորագրով կոնֆերանսին:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին և Արգենտինայի դեսպանին այս կարևոր նախաձեռնության համար: Իր ելույթում նախարարը մասնավորապես ասել է.

«Ես կարևորում եմ հաշմանդամության ոլորտին վերաբերող նման քննարկումները և փորձի փոխանակումը՝ հատկապես այն երկրների փորձը, որը վերաբերում է ներառական քաղաքականությանը և համապատասխան կառուցակարգերի ներդրմանը:

Նման հանդիպումները ոչ միայն ոլորտում երկուստեք արված աշխատանքների և ձեռքբերումների ներկայացումն ու փոխանցումն է, այլ՝ դրա շրջանակներում առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծման առումով իրական քայլեր կատարելը:

Իսկապես շատ կարևորում եմ մեր համագործակցությունը, թե մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի,  թե մյուս մեր գործընկերների՝ պետական կառավարման մարմինների և ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպություների հետ: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս,  որ արդյունքների հնարավոր է հասնել միայն համատեղ աշխատանքի միջոցով, համատեղ աշխատանքի արդյունքում:

Մեր բոլորի նպատակներն, ըստ էության, նույնն են և, մենք հասկանում ենք, որ մեր առջև այսօր դրված խնդիրներին օր առաջ լուծումներ պետք է տանք. Ինչպես օրինակ՝ հաշմանդամությունն ունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծումը օր առաջ լուծելու ենթակա խնդիր է:

Ներկայում մենք հաշվի առնելով և մեր ռեսուրսներն ու միջոցները, և հնարավորությունները՝ ձևավորում ենք համապատասխան ծրագրեր այդ թվում՝ երկարաժամկետ զարգացման և միջնաժամկետ: Այս համատեքստում մենք միշտ ունենում ենք համապատասխան քննարկումներ, թե հատկապես որ խնդիրներն են օրախնդիր և որոնք կարող ենք սուղ միջոցներով օր առաջ լուծել: Մենք պետք է ստեղծենք համապատասխան ենթակառուցվածքներ ու հիմքեր համակարգաստեղծ գործունեության համար, քանի որ մեկ կամ երկու միջոցառումներ իրականացնելով՝ մենք չենք կարող համալիր  լուծում տալ մի խնդրի, որը կոչվում է հավասար պայմանների ու հնարավորությունների ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար կամ բոլոր քաղաքացիների համար:

Այս առումով վերջին տարիներին իրականացրած աշխատանքները եղել են այս ուղղությամբ, մենք նաև հաշմանդամություն ունեցող անձնանց վերաբերող հիմնարար նոր օրենքի  նախագծի մշակման ընթացքն ապահովելու աշխատանքներն ենք իրականացրել: Պետք է նշեմ որ նոր օրենքի նախագծի երրորդ ընթերցումը ևս քննարկվեց Ազգային ժողովում, բայց քվեարկությունը տեղի չունեցավ: Մենք նոր Ազգային Ժողովին պետք է օրենքի նախագիծը կրկին ներկայացնենք:

Օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների կողմից հրավիրված հանդիպումների ժամանակ: Շատ կարևոր դրույթներ ունենք ներառված և ամենակարևորներից մեկը, կարծում եմ, անկախ մոնիթորինգի և կանխարգելման մեխանիզմի ներառումն էր օրենքի նախագծում, որն արել ենք Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկով՝ սահմանելով, որ դա կիրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Բնականաբար ընթացիկ մոնիթորինգի աշխատանքները մենք շարունակելու ենք իրականացնել, բայց շատ կարևորում եմ, որ այն միաժամանակ արվելու է անկախ մարմնի միջոցով:

Այս համատեքստում ևս մեկ անգամ կարևորում եմ այլ երկրների հետ մեր փորձի փոխանակումը, գիտելիքների ձեռք բերում և վստահ եմ, որ դա շարունակական գործընթաց է:

Նույնիսկ յուրաքանչյուր փոքրիկ առաջընթաց, որը մեզ համար գուցե էական  չթվա, բայց իմ կարծիքով էական է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար, քանի որ նրանց համար չկան փոքր ու մեծ խնդիրներ, կա հավասար հնարավորություններ ու պայմաններ ստեղծելու խնդիր:

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում այս կարևոր քննարկման նախաձեռնողներին և հաջողություն մաղթում հետագա աշխատանքներում»:    

Համաժողովին ելույթներ ունեցան նաև  Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում Արգենտինայի դեսպանը: