2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ Լոռու մարզպետարանում միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017թ.-ի «Տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման մեթոդական ցուցումները և սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) աշխատողների կողմից կատարած տնային այցելությունների թվի մասին ամսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 6-1/Ա հրամանի ներկայացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում անցկացվել է սեմինար-խորհրդակցություն:
Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ սկսվում է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը, նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:
Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով հանդիսանալով ՀՀ Լոռու մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքների համակարգող, կարևորեց Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:
Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեց տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:
Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից տրվեցին հարցեր, որոնք պարզաբանվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կողմից:
Հանդիպման վերջում սոցիալական աջակցության Սպիտակի և Թումանյանի տարածքային գործակալություններից մեկական աշխատողներ ներկայացրեցին դեռևս ընթացքում գտնվող սոցիալական դեպքեր: Մանրամասն ներկայացվեց գնահատված սոցիալական կարիքները և այդ ուղղությամբ սոցիալական աշխատողի կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումները:
Ներկայացված սոցիալական դեպքերը ինտերակտիվ կերպով քննարկվեցին հանդիպման մասնակիցների կողմից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով սոցիալական աջակցության ցանցի հետ, Սպիտակի տարածաշրջանի Ղուրսալի համայնքի կացարանի հրդեհի հետևանքով տուժած ընտանիքին տրամադրեց հագուստի և սննդամթերքի օգնություն: