Սեմինար – քննարկում «Հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության» միամսյակի շրջանակներում

0
117

Շուրջ չորս տարի է, ինչ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հանրապետության բոլոր լրատվամիջոցների լրագրողների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ժուռնալիստիկայի ֆակուլտետների բարձր կուրսի ուսանողների համար կազմակերպում են սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվում են հաշմանդամության էթիկայի կանոնները, ընդունված օգտագործվող տերմինների մեկնաբանություններն ու կիրառման ոլորտները, թույլատրելի հասկացողություններն ու արտահայտությունները:
Նոյեմբերի 16-ին «Հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության» միամսյակի շրջանակներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը Մենենջմենթի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար կազմակերպել էր հերթական սեմինար-քննարկումը:
Այն վարում էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը և «Աստղածաղիկ» ամսագրի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը:
Սեմինարը ոչ միայն ուսուցողական նպատակ ունի: Այն նպաստում է հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ հասարակական պատշաճ կարծիքի ձևավորմանը: