ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 9-ին մասնակցել է Հայաստանում նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության գնահատման հետազոտության արդյունքների ներկայացմանը:
Ողջունելով «Սեյվ դը չիլդրենի» նախաձեռնությունը՝ նախարարը կարևորել է գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող քայլերը երեխաների պաշտպանության ոլորտում, որոնք հատկապես ուղղված են յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:
«Գործնականորեն մենք պետք է կարողանանք ստեղծել այդ հնարավորությունը յուրաքանչյուր ընտանիքի համար՝ առաջին հերթին հասկանալով թե որոնք են այն պատճառները որ երեխաները հայտնվում են շուրջօրյա խնամքի հաստատությունում»,-ասել է նախարարը:
Նախարարի խոսքով՝ այս ընթացքում բավականին ուսումնասիրություններ են կատարվել, ըստ հաստատությունների, ըստ համայնքների, ըստ ընտանիքների կարիքների գնահատում է իրականացվել և հիմնականում խնդիրը երեխաների ոլորտում մատուցվող ծառայությունների ոչ մատչելիությունն է կամ շատ դեպքերում՝ բացակայությունը:
«Մենք պետք է ունենանք զարգացած այլընտրանքային ծառայություններ, մասնավորապես՝ նախադպրոցական կրթական հաստատություններ, ներառական կրթությամբ: Ներկայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ պարոն Բաբլոյանի հետ ունեցել ենք այդ ուղղությամբ իրականացված քայլեր, և իհարկե նախարարության կողմից մշակված կոնկրետ ծրագրեր, որոնք այսօր ներառված են պետական բյուջեում»,-նշել է Արտեմ Ասատրյանը:
Ըստ նախարարի, այդպիսով շատ կարևոր խնդիր է լուծվում և մեծ հնարավորություն է բացվում հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողների համար իրենց երեխաներին ոչ թե հատուկ հաստատություն տանել, այլ ուղղակի՝ մանկապարտեզ:
Մեկ անգամ ևս կարևորելով նախաձեռնությունը՝ նախարարը վստահեցրել է , որ նման մանկապարտեզներ ստեղծելու ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:
Ամփոփելով՝ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են հետազոտության արդյունքները, մասնավորապես մարզերում և Երևանում ապրող նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում, ինչպես նաև նախադպրոցական կրթությունից դուրս մնալու պատճառներն ու սոցիալական բնութագրիչները: