«Մենք ներդնում ենք համակարգեր, որոնք մեր աշխատանքն ուղղակի դարձնում են թափանցիկ». Արտեմ Ասատրյան

0
123

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օրերս «Երկրի հարցը» հաղորդման շրջանակներում խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, իրականացվող փոփոխությունների և ակնկալվող արդյունքների մասին:

Նախարարի հավաստմամբ, ոլորտում իրականացվում են աշխատանքներ, որոնք վեր են հանում առկա խնդիրները, օգնում լուծումներ տալ դրանց, ներդրվում են նոր համակարգեր, որոնք ուղղված են աշխատանքն առավել թափանցիկ ու տեսանելի դարձնելուն:

«Ոլորտում կատարվում է աշխատանք, և պիտի հստակ արձանագրենք հետևյալը, երբ հայտնաբերվում են խնդիրներ, պետք է առաջին հերթին՝ ընդունենք, որ դա մեր կատարած աշխատանքի արդյունքն է: Մենք ներդնում ենք համակարգեր, որոնք մեր աշխատանքն ուղղակի դարձնում են թափանցիկ ու տեսանելի, ինչի արդյունքում էլ բացերն ավելի լավ են երևում, և այն անձինք, ովքեր լավ չեն պատկերացնում այդ կանոնների ներքո աշխատանքը, հայտնվում են բարդ իրավիճակներում:

Հետևաբար, դա ոչ թե պետք է դիտարկենք՝ որպես բացասական ազդակ, այլ ընդհակառակը՝ դրական, այն իմաստով, որ մենք ինքներս բարձրաձայնում ենք առկա խնդիրները, բացահայտում ենք դրանք և փորձում ենք լուծումներ գտնել»,- մանրամասնել է Արտեմ Ասատրյանը:

Նախարարի կարծիքով՝ նշանակալից արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի գործընկերներ կառույցները ևս օժանդակեն այս խնդիրների համակարգային լուծմանը, հատկապես՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Անդրադառնալով ԲՍՓ-ում գումարի դիմաց մատուցվող ծառայությունների հարցին՝ նախարարը նկատել է. «Եթե կա նման բան, ուրեմն քաղաքացին չպետք է գնա այդ քայլին: Եթե հանձնաժողովը կարողանում է գումարի դիմաց խնդիր լուծել, նշանակում է՝ քաղաքացու և նրանց միջև համաձայնություն կա:

Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ոք պետք է իր չափով պատասխանատու լինի, որպեսզի հասկանա, որ սոցիալական պաշտպանության ոլորտում առնչվում է քաղաքացիների հետ, ովքեր ունեն ամենատարբեր սոցիալական խնդիրներ, և ևս մեկն առաջացնելն անթույլատրելի է ու անմարդկային: Իսկ որպես ոլորտը սպասարկող նախարարի՝ իր հասցեին հնչող քննադատություններին ի պատասխան՝ վերջինս նկատեց.

«Յուրաքանչյուր անձ ունի իր պատասխանատվությունը: Իհարկե, որպես ընդհանուր համակարգի պատասխանատու՝ ես ունեմ իմ պատասխանատվությունը, բայց եթե մենք խոսում ենք կոնկրետ անձերի ու դեպքերի պատասխանատվության մասին, պետք է հստակ հասկանանք, որ այն համակարգը, որտեղ 3000–ից ավելի աշխատակիցներ կան, այն համակարգը, որն ամբողջ հանրապետությունով մեկ ունի 180-ից ավելի տարածքային բաժիններ և 20-ից ավելի ՊՈԱԿ-ներ, բնականաբար, այդ համակարգում խնդիրներ շատ կլինեն. որտեղ կա տարվող աշխատանք՝ այնտեղ կան խնդիրներ ու թերություններ:

Հաշվի առնելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտն ինքնին խոցելի է՝ ես բնական եմ համարում այն հարցադրումները, որոնք առաջանում են: Բայց շատ դեպքերում դրանք ոչ կշռադատված ու ոչ ճիշտ մոտեցումներ եմ համարում:

Վստահաբար պետք է ասեմ, որ մեր կողմից արվում է առավելագույնը, որպեսզի պետական բյուջեի 30 տոկոսը, որն ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտին, դրա յուրաքանչյուր դրամն ուղղվի հասցեատիրոջը:

Երբ մենք ունենք 29.8 տոկոս աղքատության մակարդակ, երբ մենք ունենք համապատասխան գործազրկության մակարդակ ու բազում այլ սոցիալական խնդիրներ՝ յուրաքանչյուր դրամն իր նպատակին պետք է ծառայի: Այլ խնդիր է, որ դեռևս ենթակառուցվածքներն ու համակարգերն ամբողջական կամ լիարժեք ներդրված չեն, և ինչպես այլ ոլորտներում՝ այստեղ նույնպես կան բազմաթիվ թերություններ ու խնդիրներ»:

Panorama.am