Շրջանառության է դրվել հաշմանդամի սայլակները հավաստագրերի հիման վրա տրամադրելու նախագիծը, ինչը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ուենցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ:
Համաձայն նախագծի, եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է փոխհատուցել գների միջև եղած տարբերությունը:
Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ և այլն), որոնք օգտագործվում են սայլակի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունն կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար: Այս պայմանը առաջարկվում է նաև, եթե շահառուն արդեն իսկ ունի էլեկտրական սայլակ կամ սկուտեր:
Միաժամանակ, հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար առաջարկվում է բոնուսային համակարգ՝ հավաստագրի արժեքի 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով պահի սայլակը, դրանով կնվազի նաև անհարկի դիմելիության քանակը:
Հավաստագրեր տրամադրելու հարցը քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել մշակել պետական բյուջեի շրջանակներում հաշմանդամի սայլակներ ձեռք բերելու համար համապատասխան հավաստագրեր տրամադրելու գործընթացի ամբողջական նկարագիրը, ընթացակարգերից բխող ռիսկերը, ուսումնասիրել հաշմանդամի սայլակները հավաստագրերով կամ այլ մեխանիզմներով տրամադրելու առանձնահատկությունների միջազգային փորձը, ներկայացնել առաջարկություններ հավաստագրերի գնային արժեքի վերաբերյալ՝ հաշվի առնելով հաշմանդամի սայլակի կարիք ունեցող անձի առողջական, տարիքային, ֆիզիոլոգիական և այլ առանձնահատկությունները:
Գործող կարգով պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, մասնավորապես՝ սայլակների ձեռքբերման գործընթացն իրականացվում է գնումների մասին օրենսդրությանը համապատասխան: Դրա շրջանակներում, յուրաքանչյուր տարի նախապես մշակվում են սայլակների տեխնիկական բնութագրերը, որոնց հիման վրա էլ կազմակերպվում են գնման ընթացակարգերը: Չնայած նախարարությունը պարբերաբար վերանայում և հստակեցնում է հաշմանդամի սայլակի տեխնիկական բնութագրերը, ընդլայնում տեսականին, այնուամենայնիվ դրանք ամբողջովին համարժեք չեն լինում հաշմանդամություն ունեցող անձի կարիքին՝ նրա առողջական, ֆունկցիոնալ, անհատական և այլ գործոններից ելնելով: