ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի հրավերով, մարտի 11-ին նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որն մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության և նախարարության հետ համագործակցող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:
Բացելով հանդիպումը` պրն Վարդանյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է իր բոլոր գործընկերներին բաց, հրապարակային ներկայացնել երկրում տիրող իրավիճակը և կառավարության ձեռնարկած գործողությունները: «Դուք ապրում և աշխատում եք Հայաստանում և բնականաբար չեք կարող անտարբեր լինել երկրում առկա գործընթացների հանդեպ: Դուք նաև իրավունք ունեք առաջին ձեռքից, կառավարությունից հավաստի ու ամբողջական տեղեկատվություն ստանալու: Ցավով պիտի փաստեմ, որ մեր երկրում դեռևս չի ձևավորվել քաղաքական այնպիսի մշակույթ, երբ ընտրություններում պարտված կողմը շնորհավորում է հաղթողին, և իշխանությունն ու ընդդիմությունը գործում են որպես միասնական քաղաքական համակարգ: Այնուհանդերձ, մենք համոզված ենք, որ Հայաստանն աշխարհի քաղաքակիրթ երկրներին ինտեգրվելու կամքով և կարողությամբ կարող է հաղթահարել դժվարությունները»,-նշեց նախարարը:
Պարոն Վարդանյանը խոսեց երկրում նախընտրական մթնոլորտի, բուն ընտրական փուլի, մարտի 1-ի իրադարձությունների, արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության, դրան հետևած քայլերի, ներկա կացության մասին` գոհունակություն հայտնելով, որ արդեն իսկ արտակարգ դրության հրամանագրում որոշ մեղմացումներ են կատարվել: Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ձեռնարկելուն, դրանք որակելով որպես միջազգային իրավունքի տեսակետից ոչ կոռեկտ, սադրիչ քայլեր:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի համակարգող Կոնսուելո Վիդալը մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց հանդիպման և կառավարության անդամից տեղեկատվություն ստանալու հնարավորության համար: ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչի հարցին, թե արդյո±ք նախօրոք պլանավորված համատեղ ծրագրերը հնարավոր է շարունակել, նախարարը պատասխանեց.
«ՀՀ կառավարությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը: Վճռական ենք երկրորդ սերնդի բարեփոխումները հետևողականորեն իրականացնելու, դժգոհության պատճառ հանդիսացող խնդիրները քայլ առ քայլ լուծելու, ինչպես նաև միջազգային մեր բոլոր պարտավորությունները կատարելու հարցում: Պիտի հորդորեմ Ձեզ` նկատի ունենալ այս մոտեցումները, պաշտոնական և անձնական շփումներում օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը և այն կամքն ու վճռականությունը, որ ունի կառավարությունը»:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի հրավերով, մարտի 11-ին նախարարությունում...