Կանանց զբաղվածության ոլորտի գլոբալ ուղղվածությունները – 2008թ.

0
137

2008թ. մարտի 6-ին Ժնևում Աշխատանքի Միջազգային Բյուրոյի կողմից ներկայացված զեկույցում, որը նվիրված էր կանանց միջազգային տոնին, նշվում է, որ ներկա ժամանակներում աշխատող կանանց թիվը աճել է ավելի, քան երբևէ: Դրա հետ մեկտեղ նրանք ավելի հաճախ են հայտնվում ցածր վարձատրվող աշխատանքներում, խոցելի վիճակներում, քան տղամարդիկ` չունենալով անհրաժեշտ սոցիալական պաշտպանություն, հիմնական իրավունքներ և ձայնի ազատություն:
Վերջին տաս տարիներին աշխատող կանանց թիվը ավելացել է 200 միլիոնով և 2007թ. կազմել է 1,2 միլիարդ, իսկ աշխատող տղամարդկանց թիվը` 1,8 միլիարդ: Նույն ժամանակահատվածում գործազուրկ կանանց թիվը 70,2 միլիոնից հասել է 81,6 միլիոնի:
Ինչպես իր խոսքում նշեց ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան, կանայք շարունակում են մեծ քանակությամբ ընդգրկվել համաշխարհային աշխատուժում: Բայց այդ հաջողությունը չպետք է ծածկի այն բացահայտ անհավասարությունը, որը դեռ կա ամբողջ աշխարհի աշխատատեղերում: Աշխատատեղն ու աշխատանքային ոլորտը հիմնական տեղ են զբաղեցնում այն գլոբալ որոշումներում, որոնք ուղղված են գենդերային հավասարության ապահովմանը և հասարակության մեջ կնոջ դերի բարելավմանը: Փորձելով կանանց համար ապահովել արժանավայել աշխատանք` մենք ընդլայնում ենք հասարակության հնարավորությունները և նպաստում բոլոր անդամների տնտեսական ու սոցիալական զարգացմանը:
Ամբողջ աշխարհում կնոջ դերի բարելավումը աշխատաշուկայում դեռևս չի բերել աշխատատեղում գենդերային անհավասարության նշանակալի կրճատման: Սկսած 1997թ. չպաշտպանված զբաղվածների մեջ կանանց բաժինը (ընտանեկան ձեռնարկություններում չվարձատրվող աշխատողներ և ինքնազբաղվածներ) կրճատվել է` 56,1-տոկոսից դառնալով 51,7 տոկոս: Սակայն այսօր էլ կանայք ավելի են տուժում անպաշտպանությունից քան տղամարդիկ, հատկապես` աշխարհի ամենաաղքատ երկրներում:

  • Գործազրկության մակարդակը կանանց շրջանում ամբողջ աշխարհում կազմում է 6,4 տոկոս, իսկ տղամարդկանց մոտ` 5,7 տոկոս:
  • 100 տնտեսապես ակտիվ տղամարդկանց ընկնում են 70 տնտեսապես ակտիվ կանայք: Նրանց համար տնտեսական ոչ ակտիվությունը ոչ թե ազատ ընտրություն է, այլ ստիպողական անհրաժեշտություն: Ամենայն հավանականությամբ, եթե կանայք ունենային աշխատանք ընտրելու հնարավորություն, կնախընտրեին տնից դուրս վարձատրվող աշխատանքը:
  • Գլոբալ մակարդակով կանանց զբաղվածության մասնաչափը, իսկ դա ցուցիչ է, որը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ երկիրն օգտագործում իր աշխատունակ բնակչության ներուժը, 2007թ. կազմել է 49,1 տոկոս, այն դեպքում, երբ նույն ցուցիչը տղամարդկանց մոտ 74,3 տոկոս է:
  • Վերջին տաս տարիներին ագրարային սեկտորը առաջ է անցել սպասարկման ոլորտից` դառնալով կանանց հիմնական «գործատուն»: 2007թ. գյուղատնտեսության մեջ ընդգրկված էին 36,1 տոկոս, իսկ սպասարկման ոլորտում` 46,3 տոկոս կանայք: Համեմատական կարգով տղամարդիկ 34,0 տոկոսով են ընդգրկված եղել գյուղատնտեսության մեջ և 0,4 տոկոս` սպասարկման ոլորտում:
  • Ավելի ու ավելի մեծ թվով կանայք են հնարավորություն ստանում կրթություն ստանալու, սակայն որոշ ռեգիոններ դեռևս շատ հեռու են այդ հավասարությունից:

Զեկույցում տրված նոր մոտեցումները, որոնք ուղղված են կանանց զբաղվածության օժանդակմանը կարևորում են այն, որ կանանցից շատերի համար չպաշտպանված աշխատանքից անցումը վարձու աշխատանքի կարող է դառնալ կարևոր քայլ դեպի տնտեսական ազատություն և ինքնուրույնություն: Ինչքան աղքատ է երկիրը, այնքան քիչ է կանանց հնարավորությունը լքել ընտանեկան ձեռնարկություններում աշխատողների և ինքնազբաղվածների շարքերը:
Աշխատաշուկայում հավասար մասնակից դառնալու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված քայլերն արդեն բերում են իրենց արդյունքները, սակայն փոփոխությունների դանդաղ ընթացքը խոսում է դեռևս գոյություն ունեցող պահպանվող անհավասարության մասին: Հասարակությունը աղքատության դեմ մղվող պայքարում չի կարող անտեսել կանանց ներուժը և պետք է փնտրի քաղաքական, սոցիալական և տնտեսական խոչընդոտների հաղթահարման նոր ուղիներ: