Հունիսի 30-ին կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Նախքան նիստի օրակարգին անցնելը նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է ձևավորված հարթակի շրջանակներում յուրաքանչյուրի մասնակցությունը ոլորտի խնդիրների բարձրացման և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: «Քանի որ դուք հասարակության լայն շերտերի կարծիք եք ներկայացնում, մենք շատ ավելի շահագրգիռ ենք, որպեսզի դուք՝ որպես խորհրդի անդամներ, առավել ակտիվ մասնակցություն ունենալով այն հիմնական բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են սոցիալական պաշտպանության ոլորտում, ձեր անմիջական ու առարկայական ներդրումն ունենաք»,-նշել է նախարարը:
Հանդիպմանը քննարկվել է Խորհրդի երկամյա գործունեության ծրագիրը, որը խորհրդի աշխատանքները դարձնելու է կանոնակարգված և հնարավորինս մոբիլ ու աշխատունակ: Անդրադառնալով օրակարգում ներառված երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ այսօր այդ աշխատանքները լայն թափով ընթանում են և յուրաքանչյուրի ներդրումը, առաջարկություններն ու առարկությունները չափազանց կարևոր են այդ փուլում: «Ապաինստիտուցիոնալացումը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը պետք է ոչ թե որպես լոզունգ հնչի, այլ լինի առարկայական, ունենա համապատասխան ենթակառուցվածքներ, զարգացած այլընտրանքային ծառայություններ, ընտանիքներին աջակցության փաթեթներ: Վստահ եմ, որ այս առումով մեր գործընկերները կանգնելու են բարփոխումների կողքին»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:
Այնուհետև նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը, ներկայացնելով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առկա իրավիճակը, նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարությունը մշակելիս նախարարությունն աշխատել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և հնարավորինս բոլոր կարծիքներն ու առաջարկները տեղ են գտել ռազմավարության մեջ: «Ամրագրված տեսլականը շրջադարձային փոփոխություն է բերելու երեխաների պաշտպանության ոլորտում, մասնավորապես որդեգրվել է մարզ առ մարզ մոտեցումը, այս պահին սկսել ենք Լոռու մարզից»,-նշել է նախարարի տեղակալը:
Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանն իր հերթին ներկայացրել է տարեցների խնամքի տուն-ինտերնատներում առկա խնդիրները, իրականացված աշխատանքներն ու սպասվելիք բարեփոխումները: Նա նշել է, որ հավանության է արժանացել «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը:
«Ինչպես երեխաների, այնպես էլ ծերերի ամեն մի օրը պետք է դարձնենք լիարժեք, նրանք պետք է հնարավորություն ունենան զբոսնելու, մշակութային կյանքով ապրելու, իրացնելու իրենց կարողությունները և զգալու իրենց կարևորությունը հասարակության համար»,-նշել է տիկին Հարությունյանը:
Ներկայացված հարցերի շուրջ Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումները, առաջարկություններն ու առարկությունները: Քննարկվել և հստակեցվել են մի շարք կազմակերպչական հարցեր, որոշվել է հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել գործունեության ծրագիրը և հաստատել, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ստեղծել աշխատանքային խմբեր: