2008թ. հունիսի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Համբարձումյանի, նախարարի տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների և լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ նախարարության նորացված էլեկտրոնային կայքի ներկայացումը:
Նախարարության էլեկտրոնային կայքը` www.mss.am, ստեղծվել է 2004 թվականին` նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի և ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնի մասնագետների համագործակցությամբ և նույն թվականին անկախ փորձագիտական խմբի կողմից պետական գերատեսչությունների կայքերի մեջ ճանաչվել է լավագույնը: Սակայն ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել թարմացնել կայքը, ներառել նոր, ժամանակակից գործիքներ: Նոր կայքը նախատեսվում է ներդնել 2008թ. աշնանը, որը կլինի սոցիալական ոլորտի պորտալ և կփոխարինի ոչ միայն նախարարության, այլև առանձնացված ստորաբաժանումների էլեկտրոնային կայքերին:
Մինչ նոր կայքի ներդրումը, որպես միջանկյալ լուծում, նորացվել է նախարարության էլեկտրոնային կայքը: Այնտեղ ավելացել են մի շարք բաժիններ, այդ թվումª ինտերակտիվ գործիքներ, մասնավորապես:
- ՙԻրավական ակտերի նախագծեր՚ բաժնի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի և կազմակերպություն իր մասնակցությունը կարող է ունենալ նախարարության կողմից իրավական ակտերի մշակման գործընթացինª ներկայացնելով առաջարկություններ և դիտելով փաստաթղթի մշակման ողջ ընթացքը:
- ՙԷլեկտրոնային ընդունարան՚ բաժինը, որը էլեկտրոնային նամակարգության, ինչպես նաև ընդունելության համար հեռահար հերթագրման հնարավորություն է տալիս: Քաղաքացին` հերթագրվելով ընդունելության համար, կայքում տեսնում է նաև իր ընդունելության օրն ու ժամը:
- ՙԾրագրեր և նախագծեր՚ բաժնում ավելացել է ՙՊատվիրակված ծառայություններ՚ բաժինը:
- Ավելացել է նորª ՙԷլեկտրոնային տեղեկագիր՚ բաժինը: Նախարարությունը յուրաքանչյուր երկու ամիսը մեկ կպատրաստի և կայքում կտեղադրի իր տեղեկագիրը, որը կներառի արդիական թեմաներ և պարզաբանումներ: Կայքը թույլ է տալիս նաև տեղեկագրի բաժանորդագրություն, որի արդյունքում յուրաքանչյուր բաժանորդագրվող իր էլեկտրոնային հասցեով կստանա այն:
- ՙՖորումներ՚ բաժնում լայն քննարկման կդրվեն սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերվող տարբեր հարցեր, որոնց նախատեսվում է հասարակության բոլոր խմբերի ակտիվ մասնակցություն: Քննարկումները, ներկայացվող թեմաների վերաբերյալ բազմակարծությունն օգտակար կլինի և հասարակության, և պետության համար:
- ՙՔարտեզ՚ բաժինը ներառում է սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունների կառուցվածքը, տվյալներըª ըստ Հայաստանի վարչատարածքային միավորների և բնակավայրերի:
- Էլեկտրոնային կայքում նաև տեղադրվել են Հայկական երկրորդ (Հ2) հեռուստաալիքով հեռարձակվող ՙՍոցիալական երկխոսության ժամ՚ հաղորդաշարի ձայնագրությունները:
- Կայքում տեղադրվել են նախարարության ներքին իրավական ակտերն ու հայեցակարգային փաստաթղթերը:
- Տեղադրվել է Հայաստանի իրավական ակտերի նոր համակարգ փնտրման գործիքներով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2008թ. իր գործունեության ծրագրում որպես գերակայություն առաջարկել է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, որն ավելի բարենապաստ պայմաններ կստեղծի թե համակարգի աշխատանքների կազմակերպման, և թե ոլորտի ծառայությունների հետ ՀՀ քաղաքացիների շփումների համար:
Սոցիալական պաշտպանության ոլորտի էլեկտրոնային կառավարման համակարգը ներառում է հետևյալ բաղադրիչները տեղեկատվական բազաներ, կառավարման տեղեկատվական համակարգեր, տեղեկատվության փոխանակության համակարգ, քաղաքացիների նույնականացման և իրավասությունների ճանաչման համակարգ, տեղեկատվության փոխանակության կորպորատիվ ցանց, սոցիալական պաշտպանության ոլորտի պորտալ: Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտում հսկայական աշխատանք է կատարվել այս ուղղությամբ` ստեղծվել են հիմնական տեղեկատվական համակարգերը, ներդրվել է սոցիալական ապահովության քարտերի համակարգը: Այս փուլում նախատեսվում է այս բոլոր համակարգերի փոխկապակցվածության ապահովումը:
Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումն ամբողջությամբ իրականացնում է նախարարության ՙՆորք՚ տեղեկատվավերլուծական կենտրոնը: Ըստ ժամանակացույցի` նախատեսվում է ծրագիրն ավարտել 2009 թվականին: