Հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի գումարը ստանալու համար կարելի է դիմել տանը նստած

0
1980

Հաջորդ տարվա հունվարի մեկից երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել առցանց:  Սա նոր ծնված երեխայի ծնողներին կազատի փաստաթղթերը ի մի բերելու,  դիմումը  տարածքային բաժին հասցնելու,  կյանքից հոգնած կամ կյանքը սիրող աշխատակիցների հետ շփվելու գլխացավանքից:

«Եթե քաղաքացին տանը ունի ինտերնետ, նա կարող է նստել համակարգչի առաջ, բացել www.epension.am կայքը: Այստեղ հստակ ցուցումներ կլինեն: Դրանց հետևելով պետք է ուղարկել առցանց դիմումը: Դիմումի ներքո էլեկտրոնային ստորագրություն նախատեսված չէ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Այս հնարավորությունից 3-րդ կամ հաջորդ երեխա ունեցած, մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել 2018-ի հունվարի 1-ից, իսկ մինչ այս պահը առցանց դիմելու հնարավորություն էր տրված առաջին և երկորրդ երեխայի միանվագ նպաստը ստանալու համար: Նախարարության պաշտոյանի խոսքով, միայն անցած տարվա ընթացքում միանվագ նպաստ ստանալու համար առցանց եղանակով ստացվել է 12.500-ից ավելի դիմում, ինչը կազմում է ընդհանուր դիմումների մոտ 50 տոկոսը:

Առցանց դիմումի հետ քաղաքացին սքանավորված որևէ փաստաթուղթ չի ուղարկելու: Փաստաթղթերը նախարարությունը ստանալու է պետական այլ մարմնից՝ այս պարագայում անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:

«Հակառակ դեպքում առցանց դիմումն անիմաստ կդառնա: Պատկերացրեք, առցանց դիմումից հետո մենք քաղաքացուն ասենք, մի հատ էլ էս փաստաթուղթը ներկայացրեք»,-ասաց վարչության պետը:

Որպեսզի առցանց դիմումի հնարավորությունը կյանքի կոչվի,  պետական մյուս մարմիններն էլ պետք է ունենան տվյալների էլեկտրոնային բազաներ՝  տվյալների փոխանակման հնարավորության ապահովման համար: Այս պահին նախարարությունն աշխատում է Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության հետ:

«Առցանց դիմումն ուղարկելուց հետո քաղաքացուն պատասխան կգա, որ դիմումն ընդունված է: Նպաստի նշանակման մասին ևս էլեկտրոնային փոստին տեղեկատվություն կգա»,-ներկայացրեց Գալստյանը:

Նշենք, որ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե`

ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն, երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում,
նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։

Նախարարությունում խնդիր են դրել ընդլայնել առցանց մատուցվող ծառայությունները, քանի որ դա հարմար է քաղաքացիներին՝ սոցիալական իրավունքների իրացման առումով,  հեշտացնում է նրանց կյանքը, նվազեցնում քաղաքացի-պաշտոնյա շփումը, զարգացնում ՏՏ համակարգը: