Կամավորը պետք է աշխատի օրենսգրքով նախատեսված աշխատաժամերի սահմաններում, նույնիսկ եթե ցանկանում է ավելի երկար աշխատել. պաշտոնյա

0
198

Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված են մի շարք կարգավորումներ, որոնք վերաբերում են կամավոր աշխատանք կատարող անձանց հետ կնքվող պայմանագրերին, նրանց աշխատանքի և հանգստի ռեժիմների առանձնահատկություններին, իրավական, սոցիալական երաշխիքներին, անձնական տվյալների վերաբերյալ հաշվառման մատյաններ վարելուն:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: «Նախ, ընդհանրապես կարգավորված չէ դաշտն այն առումով, հստակ տարանջատում չկա՝ որ աշխատանքն է համարվում օրինական, որը` կամավոր: Չի վարվում կամավորների ամբողջական հաշվառում:

Ճիշտ է կամավոր աշխատանքը անվարձահատույց է, սակայն շատ դեպքերում այն նաև էական նշանակություն ունի կամավորների համար՝ իրենց մասնագիտական ունակություններն ու փորձը փոխանցելու կամ նոր մասնագիտական փորձառություն ձեռք բերելու, սոցիալ-հոգեբանական պահանջմունքները բավարարելու տեսանկյունից:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում կամավորների կողմից նման աշխատանքներ այժմ էլ տարվում են մշակույթի, սպորտի, առողջապահության, բարեգործական ծրագրերում ու ոլորտներում:

Սակայն կամավորի ինստիտուտի ամբողջական օրենսդրական կարգավորման նպատակով նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև այդ նախագծի կարգավորումներից բխող օրենսդրական փաթեթը` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Բարեգործության մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը Tert.am-ի հետ զրույցում հավելեց, որ օրենքով պետք է ամրագրվի, որ կամավորական գործունեության հիմքում պետք է լինի կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, կամավորների աշխատանքային ժամերը պետք է սահմանվեն աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին համապատասխան, անգամ, եթե կամավորը ցանկանում է օրական աշխատել, ասենք,15 կամ 20 ժամ:

Սահմանվելու են նաև կամավորի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվելու դեպքերից ապահովագրության երաշխիքներ, ինչպես նաև կամավոր աշխատանքի ընթացքում կամավորի կատարած ծախսերի փոխհատուցմանը, իսկ գործուղման դեպքում նաև օրապահիկի, գիշերակացի կամ ճանապարհածախսի հատուցմանը վերաբերող կարգավորումներ:

Նշենք, որ մինչև հոկտեմբերի 1-ը նախատեսվում է անցկացնել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային և մասնագիտական քննարկումներ: