ՀՀ կառավարության 07.09.2017թ. հերթական նիստում ընդունվել է լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու և դրանց գնային արժեքը սահմանելու որոշման նախագիծը:
Նախագծի համաձայն հաշմանդամի սայլակը և լսողական սարքը կտրամադրվի հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք:
«Ավելի թանկ սայլակի կամ լսողական սարքի դեպքում անձն իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը, իսկ ավելի էժանի դեպքում առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում անձին տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունն կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար», -նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։
Հաշմանդամություն ունեցող անձի կարիքին համարժեք լսողական սարք կամ հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով կմշակվեն հաշմանդամի սայլակի տեսակների և դրանց ցուցումների վերաբերյալ հուշաթերթիկ, հաշմանդամի սայլակների ընտրության ուղեցույցը, լսողական սարքերի օգտագործման և անվտանգության կանոնների վերաբերյալ հուշաթերթիկ, որոնք լավագույնս կնպաստեն անձի վերականգնմանն ու սոցիալական ներառմանը:
Հավաստագրերի հարցը քննարկվել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ, որի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված` հաշմանդամի սայլակները հավաստագրերով տրամադրելու գործընթացի ամբողջական նկարագիրը ներկայացնելու նպատակով: