Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
85

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Չ. Լոնսդեյլին:

Շնորհավորելով պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնում նշանակվելու և Նոր տարվա կապակցությամբ` դեսպանն իր գոհունակությունը հայտնեց երկու երկրների կառավարությունների համագործակցության  վերաբերյալ:

“Մի քանի ծրագրերի, որոնք առնչվում են հաշմանդամների հիմնախնդիրներին, ներառական կրթությանը, դեսպանատունը ցուցաբերել է անմիջական օժանդակություն, սակայն հիմնական համագործակցությունը եղել է Բրիտանական խորհրդի հետ”,- ասաց դեսպանը:

Պարոն Մնացականյանը շնորհակալություն հայտնեց մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրների լուծման գործում  բրիտանական կառավարության ցուցաբերած համակողմանի օժանդակության համար: Նա  իր նկատառումները ներկայացրեց կատարված աշխատանքի վերաբերյալ, շեշտելով, որ տպավորված է համագործակցության արդյունքներից: Թեև ծրագրերը մեծածավալ չեն եղել, սակայն դրանցում ներառվել են ոլորտի առաջնահերթություններն ու գերակայությունները:

“Կատարված և ծրագրավորված աշխատանքները վկայում են, որ մենք միայնակ չենք մեր զարգացման ճանապարհին: Բոլոր գործընթացներն ուղղված են լուրջ և կարևոր խնդիրների  լուծմանը”,- նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2010թ. համագործակցության ուղիները: Դրանք հիմնականում վերաբերելու են գենդերային հիմնախնդիրներին,  հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերին, միջին մասնագիտական կրթության համակարգի կայացմանը, հանրային իրազեկման համատեղ միջոցառումներին: