2009թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստ: Օրակարգում ներառված էր 3 հարց. 2010թ. բյուջեի ներկայացում, նախարարության աշխատակազմի 2009թ. աշխատանքի գնահատման կատարողական և հաշվետվություն նախարարության 2009թ. ներքին աուդիտի վերաբերյալ:
Բացելով նիստը` նախարար Մ. Մնացականյանը ներկայացրեց կոլեգիայի նորանշանակ անդամներին և ցանկացավ բեղմնավոր աշխատանք: Օրակարգը հաստատվեց միաձայն, որից հետո առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Է. Գևորգյանը: Նա ըստ ենթաոլորտների հանգամանորեն ներկայացրեց 2010թ. բյուջեն, նշելով, որ այն էական փոփոխությունների չի ենթարկվել, շահառուների թիվը փոփոխվելու պատճառով որոշ ծրագրերում ֆինանսական միջոցներն աճել են, մյուսներում` նվազել: Նախկինում գործող մի քանի ծրագրերի համար տարբեր պատճառներով միջոցներ չեն նախատեսվել, մասնավորապես` նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքի ձեռքբերման, այլընտրանքային ծառայության, առանց ծնողական խնամքի մնացած և մանկատների շրջանավարտների բնակարանների, կապիտալ շինարարության և այլն:
2010թ. սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն 244.5 մլրդ. դրամ է, որը կազմում է մեր երկրի բյուջեի 26.1%-ը:
Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար Ձ. Մարգարյանը: Նա հիմնականում կանգ առավ չկատարված աշխատանքների վրա, որոնք երեք ենթաոլորտներից են. կենսաթոշակային ապահովություն, աշխատանք և զբաղվածություն, հաշմանդամներ և տարեցներ: Դրանք օրենքների, կառավարության որոշումների, հայեցակարգերի նախագծեր են, որոնց ընդունումը օբյեկտիվ պատճառներով տեղափոխվել են 2010թ.:
Օրակարգի երրորդ հարցը 2009թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում նախարարության ներքին աուդիտի վերաբերյալ հաշվետվությունն էր: Տարվա ընթացքում նախատեսված 20-ի փոխարեն ներքին աուդիտ է իրականացվել նախարարության համակարգի 16 հիմնարկում: Յուրաքանչյուր ստուգման վերաբերյալ գլխավոր աուդիտոր Ս. Տերտերյանը ներկայացրեց մանրամասն տեղեկատվություն:
Ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ կոլեգիայի անդամների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր: Երեք զեկուցումն էլ ընդունվեց ի գիտություն:
Ամփոփելով նիստի արդյունքները` նախարարը նշեց, որ միայն համատեղ տքնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները: Անդրադառնալով երրորդ զեկուցմանը` նա նշեց, որ ներքին աուդիտի ինստիտուտը դեռևս անկատար է և հետևողական աշխատանք պիտի իրականացվի այն կայացնելու նպատակով: “Սա այն կառույցն է, որը պետք է իսպառ վերացնի կամ գոնե նվազագույնի հասցնի կոռուպցիոն ռիսկերը”,-ասաց պարոն Մնացականյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց կոլեգիայի անդամներին ակտիվ քննարկումների համար և շնորհավորեց ներկաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: