ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 15-ին ներկա է գտնվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում «Արևածագ» երեխաների աջակցության կենտրոնի բացմանը: Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ նախարարը նշել է, որ այն առաջին հերթին ծառայելու է մարզի բնակչությանը և լավագույն օրինակներից մեկն է հանդիսանալու մյուս մարզերի համար:
«Հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին համայնքահեն ծառայությունների մատուցումը և նման կենտրոնների ստեղծումը մեր կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, որն ուղղված է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Սա որպես բարի ցանկություն կամ տեսլական չէ, այլ կառավարության կողմից իրականացվող կարևորագույն քայլերից է, որը վերաբերում է ընտանիքների կարողությունների հզորացմանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա ընտանիքում, իր հարազատ միջավայրում, իր ծնողների հետ: Որքան էլ որ շուրջօրյա խնամքի հաստատություններում ստեղծենք լավագույն պայմաններ, միևնույն է, երեխայի ապրելու, կենսագործունեության համար ամենալավ միջավայրը սեփական ընտանիքն է»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:
Կենտրոնի ստեղծումը համարելով կարևոր քայլ՝ Արտեմ Ասատրյանը վստահություն է հայտնել, որ կառույցի գործունեությունը նպաստելու և աջակցելու է սոցիալական դժվարություններ և խնդիրներ ունեցող ընտանիքներին՝ մատուցելով վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչով իսկ թեթևացնելու է այդ ընտանիքների հոգսը:
«Վստահ եմ՝ այս գործընթացը հանրապետության մյուս մարզերում ևս շարունակական է լինելու, որովհետև այն քաղաքականությունը, որը տարվում է երեխաների պաշտպանության ոլորտում, հենց այսպիսի կենտրոնների ստեղծմանն է ուղղված:
Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, Արմավիրի մարզպետարանին և Արմավիրի զարգացման կենտրոնին կատարված հսկայածավալ աշխատանքի համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
«Արևածագ» կենտրոնը հիմնվել է «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչության՝ «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ։
Կենտրոնն իր սոցիալական, կրթական և վերականգնողական ծառայություններն է առաջարկում հաշմանդամություն ունեցող 2-18 տարեկան երեխաներին։