Նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն

0
151

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին կմասնակցի Լիսաբոնում կայանալիք «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին:

Համաժողովն անցկացվում է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի երրորդ վերանայման նպատակով, որը հաստատվել է 2002 թվականին և ընդունվել ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի բոլոր անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից:

Նախարարական համաժողովը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այս ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները:

Այցի ընթացքում նախատեսվում է Սոցիալական ապահովության քաղաքականության և հետազոտությունների Եվրոպական կենտրոնի հետ «Զբաղվածության և սոցիալական քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Նախարար Արտեմ Ասատրյանը համաժողովի ընթացքում «Արժանապատիվ ծերացում» խորագրով ելույթ կունենա և կներկայացնի Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության  կողմից ձեռնարկված քայլերը, ոլորտի ընթացիկ բարեփոխումները և առաջնահերթությունները:

Համաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել Նախարարական Հռչակագիր, որը կմատնանշի առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները և անդամ պետությունների պարտավորությունները: