Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 2-ին թիվ 1 տուն-ինտերնատում մասնակցել են երկու տարեց զույգի հարսանեկան արարողությանը:
Ողջունելով ներկաներին՝ Արտեմ Ասատրյանը շնորհավորել է Տարեցների օրվա կապակցությամբ և նշել, որ տարեցների խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, հատկապես այն տարեցների, ովքեր այսօր խնամք են ստանում սոցիալական պաշտպանության հաստատություններում:
«Սոցիալական պաշտպանության խնդիրները պետության սոցիալական քաղաքականության գերակա ուղղություններից են և գտնվում են պետության ու կառավարության մշտական հոգածության ներքո: Եվ պատահական չէ, որ արժանապատիվ ծերության ապահովումը սահմանադրական նորմ է: Այսօր մենք սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում ենք կատարում դեպի առողջ և ակտիվ ծերացմանը, ինչը հնարավորություն է տալիս, որ մեր տարեցները հասկանան և օգտագործեն իրենց ֆիզիկական, սոցիալական և մտավոր ներուժը ողջ կյանքի ընթացքում և մասնակցեն հասարակական կյանքին՝ ըստ իրենց նախասիրությունների և հնարավորությունների:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր սիրելի տարեցներին, ցանկանում եմ նրանց առողջություն, երկարակեցություն, ընտանեկան բարեկեցություն և թող նրանք ապրեն շրջապատված իրենց զավակների ու թոռների ուշադրությամբ ու հոգածությամբ: Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք լինել տարեցների կողքին, լուծել նրանց խնդիրները, որպեսզի նրանք իրենց կյանքի աշունն ապրեն անհոգ և զգան հասարակության ու պետության հոգատար վերաբերմունքն իրենց նկատմամբ:
Իսկ օրվա այս գեղեցիկ առիթի հետ կապված բոլորին մաղթում եմ բարձր տրամադրություն, մեր ամուսնացող զույգերին՝ երկարակեցություն և անսահման երջանկություն»,-ասել է նախարարը:
Այնուհետև ամուսնական զույգերը եկեղեցական կարգով պսակադրվել են, իսկ նրանց ամուսնությունը գրանցվել է քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության կողմից:
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես ողջունել և շնորհավորել է ամուսնական զույգերին՝ նշելով, որ այսօրվա տոնի հերոսներն ապացուցում են, որ սերը տարիք չի ճանաչում: Այնուհետև մաղթել նրանց երկար, առողջ տարիների կյանք, երջանկություն և որ օրվա տոնական տրամադրությունը նրանց ուղեկցի մինչև կյանքի վերջ:
Տոնական միջոցառման ողջ ընթացքում իրենց ելույթներով պապիկներին և տատիկներին ուրախացրել են երգի և պարի համույթները, հատուկ հրավիրված հյուրեր՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանը, Թովմաս Պողոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանը:
Հարսանիքն ավարտվել է հարսանեկան տորթի կտրման արարողությամբ: