ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 2-ին հանրությանն է ներկայացրել վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:
Նախարարը ասուլիսը սկսել է ՀՀ վարչապետի վերջին հանձնարարականից, որի համաձայն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քայլեր է մշակում տարեցներին ավելի երկար ժամանակով աշխատաշուկայում ներգրավված պահելու ուղղությամբ:
«Տարեցներին հասարակությանն ինտեգրելու հարցում երկու խնդիր է առաջանում, մեկը՝ ինչպես աշխատաշուկայում առավել երկար պահել տարեցներին և միևնույն ժամանակ ինչպես լուծել երիտասարդների գործազրկության հարցը: Եվրոպական բազմաթիվ երկրներ առարկայական լուծումներ են տվել այս խնդիրներն՝ օգտագործելով եռակողմ մոդելը՝ կառավարություն-գործատուներ-արհիմություններ: Իրականացվում է մոնիթորինգ և հստակեցվում են այն աշխատատեղերը, որոնք կարող են տարեցներով համալրվել», – ասաց նախարարը:
Արտեմ Ասատրյանն ընդգծել է, որ ծերերին հնարավորինս պատշաճ ծառայություններ մատուցելու և աշխատաշուկայում նրանց առավել երկար պահելու հարցերը գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում:
Սոցիալական էլեկտրոնային ծառայությունների մասին խոսելիս, նախարարը նշել է, որ 2016թ. դեկտեմբերից 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց (2017թ. ութ ամիսների ընթացքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ է նշանակվել 26605 անձի, որից` 15 000 ն առցանց դիմումի հիման վրա), իսկ արդեն 2017թ. հունվարից երեխայի ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, չաշխատող անձին մայրության նպաստ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ և աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել սոցիալական ապահովության պետական ծառայության ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից:
«Մենք տարեցտարի փորձում ենք ընդլայնել էլեկտրոնային ծառայությունները և արդեն 2018թ. հունվարի 1-ից երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը և խնամքի նպաստն առցանց ներկայացված տվյալների հիման վրա նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական հիմքեր են ստեղծվում»,-ընդգծել է նախարարը:
Կատարված աշխատանքների շարքում նախարարը կարևորել է սոցիալապես անապահով ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման իրական հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով ընտանիքների անապահովության գնահատման կարգը արմատապես վերանայումը: «Նոր կարգում հնարավորինս ներառվել են տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքի շուկայում ունեցած վարքագծի գնահատականները, դրանով խթանելով աշխատանքային գործունեություն ծավալելու իրենց ցանկությունը, ինչպես նաև ավելացել է երեխա ունեցող ընտանիքների անապահովության գնահատման հարցում երեխաների առկայության հանգամանքի կշիռը` դիտարկելով նման ընտանիքներին` աղքատության տեսանկյունից ավելի ռիսկային»,-ասել է Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ մշակվել է «Գնահատված սոցիալական կարիքների հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրման գործառնական հենքի ձևավորում» պրոյեկտը, որով նախատեսված միջոցառումների իրականացումն ընթացքի մեջ է:
Նախարարը ներկայացրել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումները:
«Ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման նպատակով խնդիր է դրվել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումների ներդրումը, ինչի իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումը, ըստ որի բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառման համար մեղմացված սակագնով պետք է վճարեն սոցիալապես անապահով այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունեն 20.00 միավորից բարձր անապահովության միավոր»,- ասել է նախարար Ասատրյանը:
Նրա խոսքով` համապատասխան որոշմամբ հաստատվել է, որ սոցիալապես անապահով ընտանիքները գազի սպառման դիմաց պետք է վճարեն նվազ սակագնով` 100 դրամ (յուրաքանչյուր խորանարդ մետրի համար` մինչև 600 խմ ծախսի դիմաց): 2017 թ. ութ ամսում բնական գազի և էլեկտրաէներգիայի ցածր սակագնից օգտվել են, համապատասխանաբար, 75 հազար և 123 հազար 500 ընտանիք:
Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ նախարարը նշել է, որ վերանայվում է հաշմանդամության գնահատման համակարգը, նախատեսվում է ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման նոր մոդել, որի հիմքում ընկած է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման (ԱՀԿ ՖՄԴ) գաղափարախոսությունն ու սկզբունքները: «Նոր մոդելը հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ և բազմակողմանի գնահատել անձի կարողությունները և սահմանել հաշմանդամությունը հաշվի առնելով, ոչ միայն նրա առողջական խնդիրը, ախտորոշումը, կարողությունը, այլև այն միջավայրային գործոնները, որոնք այս կամ այն կերպ ազդում են նրա գործունեության վրա: Մոդելի ներդրման հիմնական նպատակն է՝ անձի բազմակողմանի գնահատված կարիքներին համարժեք վերականգնողական ծառայությունների մատուցումը: «Այս ուղղությամբ մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ կառավարության մի շարք որոշումների նախագծեր, որոնց ընդունումից հետո 2018թ. հունվարի 1-ից նախատեսվում է հաշմանդամության սահմանման համար առաջնակի դիմողների բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնել ԱՀԿ ՖՄԴ սկզբունքների հիման վրա»,-ընդգծել է նախարարը:
Խոսելով աշխատանքային ոլորտի կարգավորումների մասին՝ նախարարն առանձնացրել է կամավորական աշխատանքի բազմոլորտ ներդրման նպատակով «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ ամրագրվում են կամավորական գործունեություն և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, ինչպես նաև կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորուﬓերը և այլն:
Այնուհետև նշել, որ նախարարությունը ոլորտում նախատեսում է աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարեցման նոր ճկուն հիմքեր, ինչի նպատակով մշակվում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ-ի կողﬕց վավերացված ﬕջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցման իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների ամբողջական կարգավորման ապահովուﬓ է: «Նախատեսվում է աշխատավարձի և սոցիալ–աշխատանքային նվազագույն երաշխիքների համակարգի արմատական վերանայում`ներդրումային ﬕջավայրի ու կայուն զբաղվածության պայմանների բարելավման նպատակով իրականացվել է նվազագույն աշխատավարձի քաղաքականության վերլուծություն՝ հետագա քաղաքականության մշակման համար»,-ասել է նախարարը Ասատրյանը:
«Սոցիալ–ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանը, երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով մշակվել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը»,-ասել է նախարարը: Նախագծով սահմանվել է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:
Ամփոփելով՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման միասնական համակարգի ներդրման շրջանակում մշակվել են սոցիալական պաշտպանության ոլորտի ավելի քան 80 ծրագրերի մշտադիտարկաման և գնահատման իրականացման գործիքակազմը՝ տեղեկանքները, անձնագրերը և ցուցանիշները։ «Ընթացքի մեջ են ծրագրերի վերլուծման և գնահատման աշխատանքները։ Վերը նշված աշխատանքները հիմք են հանդիսանալու մշտադիտարկման և գնահատման էլեկտրոնային համակարգի մշակման և ներդրման համար: Ներկայումս գնահատվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող 20 ծրագիր, որոնցից 2-ը գնահատվել են անարդյունավետ, իսկ 1-ը՝ ցածր արդյունավետությամբ»,-ասել է նախարարը:
Այնուհետև նախարարը պատասխանել է լրագրողներին հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հաշմանդամության ոլորտի բարեփոխումներին, հաշմանդամության սահմանման մոդելի փոփոխություններին, դեմոգրաֆիական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերին և սոցիալական ոլորտին առչվող այլ խնդիրներին: