Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրն օժանդակում է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի զարգացման գործընթացին

0
232

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող` շահույթ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացումն ու սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետների վերապատրաստումը:
Ինստիտուտի գործունեության առարկան աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառական հետազոտությունների իրականացումն է, փորձագիտական գնահատումների և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը, աշխատանքի շուկայի և աշխատանքային հարաբերությունների, աշխատանքի պայմանների ու դրանց պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական ապահովագրության, ընտանիքի, կանանց, երեխաների, երիտասարդների, հաշմանդամների, տարեցների և փախստականների, գենդերային քաղաքականության, սոցիալական աջակցության ու աղքատության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման հիմնախնդիրների ուսումնասիրությունը, սոցիալական ապահովության հիմնախնդիրների մոնիտորինգը, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերի իրականացումը:
ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը (ՍՊՀՀԾ), որն իրականացվում է «AECOM» միջազգային զարգացման կազմակերպության կողմից ներկայումս Հայաստանում գրանցված որպես «Սըրվիսիզ Գրուփ ինք.», նպատակ է հետապնդում հզորացնել Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգերը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարողությունները:
ՍՊՀՀԾ-ն Ինստիտուտի հետ համագործակցում է Ծրագրի գործունեության սկզբից` մի շարք դասընթացներ կազմակերպելով Ինստիտուտի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների և մասնավոր սեկտորի ներկայացուցիչների համար: Ներկայումս ՍՊՀՀԾ-ն օժանդակում է Ինստիտուտին` դասընթացների մոդուլների մշակման և հետա¬զոտությունների գործընթացում ներգրավված աշխատակիցների ներուժի հզորացման գործում, նպաստելով կադրերի հմտությունների զարգացմանն այնպիսի գործառույթների իրականացման գործում, ինչպիսիք են աշխատողների անվտանգության և առողջության պահպանումը, գենդերային և իրավական ակտերի մշակումը և այլն:
Վերջին յոթ ամիսների ընթացքում ՍՊՀՀԾ-ն շուրջ 275,000 ԱՄՆ դոլարին համարժեք օժան¬դա¬կություն է տրամադրել Ինստիտուտի վերանորոգման աշխատանքների իրականացման համար. հիմնանորոգվել է Ինստիտուտի կողմից զբաղեցվող տարածքը (շենքի 3-րդ և 4-րդ հարկերը, 1200 քառ.մ), կատարվել են հատակագծային փոփոխություններ, ներքին հարդարման աշխատանքներ: Բացի ինստիտուտի ներքին տարածքից, վերանորոգվել է նաև շենքի տանիքը, մասնակիորեն վերանորոգվել են «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքն ու շենքի աստիճանները: Շենքի ջեռուցումն ապահովելու նպատակով բակային մասում, կառուցվել է առանձին կաթսայատուն, մոնտաժվել է շուրջ 260 մ. երկարությամբ գազատար, ներքին և արտաքին ջերմային նոր ցանց:
ՍՊՀՀԾ-ի օժանդակությամբ Ինստիտուտի լսարաններից մեկը, ռեսուրսների և հետազոտությունների կենտրոնն ու գրադարանը, ինչպես նաև 3 բաժիններ ներառող աշխատասենյակը կահավորվել են կահույքով, համակարգիչներով և պրոեկտորով:

Ինստիտուտի վերաբացման ժապավենը կտրելու խորհրդանշական արարողությանը մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ռոբին Ֆիլիփսը, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, նախարարության աշխատակազմի, պետական այլ գերատեսչությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: