ՀՀ Ազգային ժողովում քննարկվել են զինկենսաթոշակների հետ կապված հարցեր

0
123

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում  ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ նախարարի, իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծումներ տալն է։

Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշել է.«Պետական կենսաթոշակների մասին օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված է, որ կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնակում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում։ Կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է նաև կարգավորել օտարեկրյա պետությունում բուժվող հաշմանդամության, զինվորական կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակ վճարելու հարցը, երբ կենսաթոշակ վճարելը դադարեցված է»։ Նաև առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարելու միջոցով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանել լիազոր մարմնի կողմից։

«Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող զինվորական ծառայության հետ հաշմանդամության հետ պատճառական կապ ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է կառավարությունը»,- ասել է Արտեմ Ասատրյանը։

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Նա նշել է, որ նախագծի նպատակն է աջակցել արտերկրում բուժվող զինվորական հաշմանդամներին, որպեսզի նրանց վճարվող գումարները չընդհատվեն:

Նախարարին կենսաթոշակների տրամադրման հետ կապված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել՝ ասելով. «Մենք ունենք բազմաթիվ թոշակառուներ, որոնք մեր երկրում պատշաճ բուժսասարկման մակարդակ չունենալու պատճառով ստիպված են մեկ տարի, երկու տարի, վեց ամսից ավելի լինել արտերկրում, բայց մենք գիտենք, որ երբ լրանում է թոշակառուի վեց ամիսը, նա պետք է գնա ներկայանա համապատասխան ծառայություն անձամբ, որպեսզի իր թոշակը չընդհատվի, այդ քաղաքացիների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։ Ես ինքս նամակ եմ ստացել մի քաղաքացուց, որի թոշակը Լիոնում գտնվելու ընթացքում ընդհատվել է այն պատճառաբանությամբ, որ իրեն բանկից զանգել ասել են արի ներկայացի, որ Հայաստանում ես, և բնականաբար նա չի կարողացել ներկայանալ»։

Նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է, որ  ներկայում առաջարկվում է լուծել այն խնդիրը, որը վերաբերում է զինծառայության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձանց արտերկրում բուժվելու ընթացքում կենսաթոշակի վճարման հարցը։

«Երբ մենք կունենանք այնպիսի կարգավորում, որը կտա վստահ լինել, որ որևէ ձևաչափով չի կարող օրենքի այլ նորմերի հետ կապված խնդիրներ առաջանալ, քանի որ այս ոլորտը հնարավորինս նաև կարգավորված է,  կարող ենք նաև հետագայում մտածել ձեր նշած խնդրի ուղղությամբ լուծումներ գտնելու առումով։ Ներկայումս մեկ տարվա ընթացքում քաղաքացին եթե կենսաթոշակն անձամբ չի ստանում, ևս մեկ տարի ժամանակահատված օրենքով սահմանված է և անձը կենսաթոշակը հետադարձով ստանալու իրավունք ունի։ Այս առումով երկու տարի ժամանակահատվածը օրենքով սահմանված է կենսաթոշակը ստանալու համար, եթե անձը պայմանականորեն ՀՀ-ում չի գտնվում»,- ներկայացրել է նախարարը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հետաքրքրվել է, թե կառավարությունն արդյոք սահմանել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։

«Կառավարության որոշմամբ հաստատվել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դա դեռևս 2011 թվականի որոշմամբ է հաստատված»,-պատասխանել է նախարարը։