ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է Երևան քաղաքում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառին: Շրջելով տոնավաճառի տաղավարներով՝ նախարարը ծանոթացել է գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերին, աշխատանքային պայմաններին, զրուցել գործատուների և աշխատանք փնտրող քաղաքացիների հետ:
«Յուրաքանչյուր տարի մենք աշխատանքի տոնավաճառներ ենք կազմակերպում Երևան քաղաքում և հանրապետության մարզերում: Այս ձևաչափը համարում եմ ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը թե՛ գործատուի, և թե՛ աշխատանք փնտրողի տեսանկյունից, քանի որ այստեղ գորածատուն և աշխատանք փնտրողը գտնվում են նույն հարթակում: Այսօր տոնավաճառում 60 գործատուներ ներկայացնում են շուրջ 1000 թափուր աշխատատեղ և կարծում եմ՝ բազմաթիվ աշխատանք փնտրողներ կօգտագործեն այս հնարավորությունը և կգտնեն իրենց գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք»,-ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը նշել է նաև, որ ներկայում քայլեր են արվում երիտասարդ մայրերին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու, մասնավորապես՝ աշխատանքը երեխային խնամելուն զուգահեռ կազմակերպելու ուղղությամբ: «Տարբեր վերլուծությունների համաձայն այսօր կանանց ներուժը ոչ լիարժեք է օգտագործվում և աշխատաշուկայում նրանց ընդգրկվածությունը խոչընդոտող բազմաթիվ խնդիրներ կան: Առաջիկայում փորձելու ենք զբաղվածության քաղաքականության մեջ շեշտադրումները տանել հենց այդ ուղղություններով»,-ընդգծել է նախարարը:
2017թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Երևան քաղաքում կազմում է շուրջ 14.6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.4%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 76.6%-ը կամ 11.2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.9%-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.7%-ը: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 18.0%-ը երիտասարդ է, 4.6 %-ը` հաշմանդամություն ունեցող անձ:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների Երևան քաղաքում գործազրկության մակարդակը 2016թ. կազմել է 29.1%, որը 2015թ.-ի նկատմամբ նվազել է 1.1%-ով: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում հումանիտար գիտությունների, տնտեսագիտության և կառավարման, կրթության և մանկավարժության, շինարարության և ճարտարապետության, սպասարկման, թեթև արդյունաբերության ոլորտի մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 42.9%-ը: Ըստ կրթական ցենզի հետբուհական և բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 25.9%-ը, թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 23.2%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 8.1%-ը, միջնակարգ ընդհանուր՝ 33.8%-ը, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները՝ 9.0%-ը:
Ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 18.0%-ը, 30-44 տարեկանները` 37.2%-ը, 45-54 տարեկանները՝ 24.4 %-ը, 55-ից բարձր տարիքի անձինք` 20.4 %-ը:
Տարեսկզբից Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 1770 աշխատանք փնտրող: