Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի սպասարկվողների համար հագեցած և հետաքրքիր միջոցառումների ծրագիր է կազմակերպվել:
Սեպտեմբերի 29-ին «Վետերան» օթևանի բնակիչները հյուրընկալել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներին, ովքեր շնորհավորել են կենտրոնի բնակիչներին օրվա կապակցությամբ և նվերներ հանձնել:
Հոկտեմբերի 3-ին կազմակերպվել է էքսկուրսիա դեպի Զանգակատուն գյուղում գտնվող Պարույր Սևակի տուն-թանգարան: Թանգարանի տնօրենի կողմից տարեցների համար կազմակերպվել է էքսկուրսիա տան ողջ տարածքով, ներկայացվել է մեծ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական ուղին: Տարեցներից շատերն ասմունքել են Սևակի սիրված բանաստեղծություններից, երգել նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: Այնուհետև տարեցների հանգիստը շարունակվել է Խոր Վիրապ այցելությամբ, որտեղ տարեցները մոմավառություն են կատարել:
Միջոցառումների ծրագիրն ավարտվել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն այցելությամբ: Կենտրոնում սպասարկում ստացող տարեցները հոկտեմբերի 6-ին և 8-ին ներկա են գտնվել «Եղած, չեղած մի կյանք» և «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացումներին: