Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ մեկնարկել է Երևան-Էջմիածին մարաթոնը

0
159

Հոկտեմբերիի 20-ին, ժամը 10:00-ին Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան»  համերգասրահի տարածքից մեկնարկել է Երևան-Էջմիածին մարաթոնը՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ: Մարաթոնի մեկնարկին ներկա են գտնվել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը,  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ողջունելով Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումը՝ նախարարը չափազանց կարևորել է յուրաքանչյուրի ներդրումը մեր հասարակությունում հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելու գործում:

«Անցյալ տարի ՀՀ կառավարությունը հռչակել էր հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների տարի և այն միջոցառումները, որոնք իրականացվել են տարվա ընթացքում, ներկայումս  շարունակվում են՝  սկսած ոլորտի խնդիրների բարձրաձայնումից մինչև խնդիրների առարկայական լուծումները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր այս գործընթացում  հետևողական աշխատանքի և  անմիջական մասնակցության շնորհիվ իրենց լուման են ներդնում խնդիրների լուծման ուղղությամբ: Շնորհավորում եմ  բոլորիս,  ցանկանում եմ բարի երթ և հաջողություններ»,-ասել է նախարարը:  

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նույնպես ողջունել է միջոցառման մասնակիցներին և նշել, որ այս մարաթոնը միտված է մտածելակերպի փոփոխությանը և շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող  անձանց կարիքներին վերաբերող խնդիրների իրազեկման համար: «Մենք բոլորս հավասար ենք, ունենք հավասար իրավունքներ և ՀՀ կառավարության հետ այս միասնական արշավը ուղղված է հենց հավասար իրավունքների ապահովմանը»:

Ելույթներից հետո հաշմանդամություն ունեցող և չունեցող ավելի քան հարյուր մասնակից անվասայլակներով, հեծանիվներով և ոտքով շարժվել են դեպի Էջմիածին: