Աշտարակում և Սևանում աշխատանք փնտրողներին ներկայացվել են թափուր աշխատատեղեր

0
370

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ 2017թ. հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզի քաղաք Աշտարակում տեղի է ունեցել այս տարվա 5-րդ աշխատանքի տոնավաճառը:

Տոնավաճառին մասնակցություն է ունեցել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 32 գործատու: Տոնավաճառի ընթացքում մասնակից գործատուների կողմից ներկայացվել են շուրջ 128 թափուր աշխատատեղ, որոնցից 99-ը՝ առկա և 29-ը՝ սպասվելիք:

Տոնավաճառի ընթացքում գործատուների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման հարցում, իսկ 7 գործատուի Զբաղվածության պետական գործակալության պետի կողմից հանձնվել են շնորհակալագրեր՝ Աշտարակի տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցելու համար:

Տոնավաճառի արդյունավետ իրականացման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև երիտասարդ կամավորները:

Հոկտեմբերի 20-ին աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել նաև Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:

Տոնավաճառին մասնակցել է 26 գործատու, որոնց կողմից  ներկայացվել են  շուրջ 77 թափուր աշխատատեղ, որոնցից  53-ը՝ առկա, 24-ը՝ սպասվելիք: Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները ծանոթացել են Սևան քաղաքի աշխատաշուկային, ինչպես նաև պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ:

Աշխատանքի տոնավաճառն աշխատանք փնտրողների համար հնարավորություն է ստեղծում միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող բազմաթիվ գործատուների, զրուցել նրանց հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացվող պահանջներին:  Արդյունքում  գործատուները, ունենալով մեծ ընտրության հնարավորություն, հաջողությամբ կարողանում են համալրել իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: