ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» թեմայով խորհրդաժողովին:
Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին, հյուրերին՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ քննարկվող թեման շատ կարևոր և արդիական է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քննարկվում է, այլև վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները ուղղված են հենց երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:
«Այս գործընթացին բոլոր գործընկերների մասնակցությունը չափազանց կարևոր է, քանի որ սա ոչ միայն ՀՀ կառավարության կամ մեկ գերատեսչության խնդիր է, այլև՝ բոլորինը, սկսած՝ պետական մարմիններից, մինչև հասարակական և միջազգային կազմակերպությունները: Առանց համատեղ ջանքերի և աշխատանքների, այս խնդրին մենք չենք կարող համակարգային լուծում տալ, ինչն այսօր ուղղակի անհրաժեշտություն է»,- նշել է նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ խնդիրը տարրական ծնողավարման հմտություններ չունեցող ծնողների հետ է կապված, քանի որ նման ծնողների կարծիքով և պատկերացմամբ երեխային շուրջօրյա խնամքի հաստատություն տալով՝ շատ կարևոր հարցեր են լուծում իրենց երեխաների համար:
«Սա իսկապես շատ ցավալի է, քանի որ մենք այս դեպքերում հասկանում ենք, որ շատ ավելի խորը աշխատանք պիտի տանենք, որպեսզի ծնողը գիտակցի և հասկանա, որ առանց ծնողական ջերմության, երեխայի՝ որևէ այլ միջավայրում մեծանալը ուղղակի չի կարող համեմատվել կամ ավելի լավը լինել, քան՝ ընտանեկանը»,- ընդգծել է նախարարը:
Ըստ նախարարի՝ արդեն գործնականում սկսվել է շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումը երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, որոնց առջև՝ կենտրոնում և կենտրոնից դուրս, համայնքներում ծառայություններ մատուցելու խնդիր է դրված:
«Եթե երեխան ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում կենտրոններում, բնականաբար, հնարավորություն է ստեղծվում նաև ծնողի համար աշխատել՝ միաժամանակ ապահովելով երեխայի խնամքը ընտանիքում: Մյուս դեպքում, երբ խոսում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, մեր հիմնական խնդիրը այդ ծառայությունները մատչելի դարձնելն է ընտանիքների համար, որովհետև մատուցվող ծառայությունները շատ ընտանիքների համար դեռևս հասանելի կամ մատչելի չեն: Այս ուղղությամբ ևս օրենսդրական փոփոխություններ ենք նախաձեռնել»,- ասել է գերատեսչության ղեկավարը:
Այնուհետև նախարարը նշել է, որ ներկայում շրջանառության մեջ է գտնվում գործընկերների հետ համատեղ մշակված «Երեխայի իրավունքների մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք առաջիկայում կներկայացվեն ՀՀ կառավարություն և ՀՀ Ազգային Ժողով:
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ոլորտում վերջին օրենսդրական փոփոխություների նախաձեռնություններին, որտեղ հստակ ամրագրվել են երեխաների այլընտրանքային խնամքի ծառայությունները, կարևորվել է երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում և ընտանեկանին մոտ միջավայրում՝ խնամատար ընտանիք, փոքր տների գաղափար, աջակցության կենտրոններ:
«Միայն այս ցանկը սպառելուց հետո, որպես երեխայի վերջին հանգրվան կարող է դիտվել շուրջօրյա խնամքի հաստատությունը»,- ընդգծել է նախարարը:
Ամփոփելով՝ Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և հաջողություն մաղթել խորհրդաժողովի աշխատանքներին:
Խորհրդաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը,Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը:
Միջազգային երկօրյա խորհրդաժողովին մասնակցել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ավելի քան տասը երկրի՝ երեխայի իրավունքի ոլորտի պատասխանատուներ, ներկա և նախկին օմբուդսմեններ, ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: