ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մ. Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի “Անկանոն միգրացիայի կանխարգելում և կանոնավոր միգրացիայի խթանում” ծրագրի շրջանակներում ռեսուրս կենտրոնի ստեղծմանն ուղղված քայլերը:
Ծրագրի նպատակներն են` աշխատանքային միգրացիայի համար պատասխանատու ծառայությունների կարողությունների հզորացումը, պոտենցիալ միգրանտներին տեղեկատվության հասանելիության ապահովումը, իրավական դաշտի կատարելագործումը: Փոխադարձ համաձայնությամբ` առաջին կենտրոնը նախատեսվում է ստեղծել “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության Էրեբունու տարածքային կենտրոնում:
“Մենք ցանկանում ենք կանխարգելել անկանոն միգրացիան, ստեղծել կենտրոն, որը հնարավորություն կտա արտագնա աշխատանքի մեկնողին տեղեկացված լինել, թե աշխատանքային ինչ պայմաններ, ինչպիսի պայմանագիր և աշխատավարձ է ունենալու, իսկ խնդիրներ ունենալու դեպքում` ում դիմի”,- նշեց ծրագրի համակարգող Ի. Տեր-Մինասյանը:
Նախարարը գոհունակություն հայտնեց կենտրոնը զբաղվածության համակարգում ստեղծելու վերաբերյալ, քանի որ փորձ կարվի դիմողներին նախ աշխատանք առաջարկել մեր երկրում, նոր հետո` այլ երկրներում:
Քննարկվեցին այլ երկրներից աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, աշխատակիցների վերապատրաստման, կենտրոնների տեխնիկական հագեցվածության և բազմաթիվ այլ հարցեր: