Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու լրջագույն ներուժ և անհրաժեշտություն կա. Արտեմ Ասատրյան

0
281

«Բոլորս հասկանում ենք, որ հանրապետության նախագահի կողմից հնչեցված տեսլականը՝ մինչև 2040թ-ը բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին, դժվարագույն խնդիր է, բայց միաժամանակ շատ լավ ուղենիշ է, որպեսզի կարողանանք մեր բոլոր ծրագրերն ուղղորդել դեպի այդ կարևորագույն նպատակի իրագործումը, որովհետև բնակչության թվաքանակի աճ ապահովելն այլևս ազգային անվտանգության հարց է»:

Այս մասին նոյեմբերի 25-ին՝ Ջերմուկում, լրագրողների հետ քննարկման ժամանակ, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի և ռազմավարության տրամաբանությունը:

Դեռևս ձևավորման փուլում գտնվող ռազմավարության մեջ նախարարն առանձնացրել է երեք ամենաազդու մակրոգործոններ՝ ծնելիությունը, բնակչության տեղաշարժը՝ միգրացիան և կյանքի որակը:

«Ունենալով խորքային վերլուծություններ, ուսումնասիրություններ՝ արդեն նախապատրաստում ենք այն հիմնական ծրագրային ուղղությունները, որոնք պետք է թույլ տան էականորեն փոխել ժողովրդագրական իրավիճակը: Մենք գտնում ենք, որ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու լրջագույն ներուժ և անհրաժեշտություն կա: Փորձել ենք դուրս բերել այն հիմնական մակրոգործոնները, որոնք էական ազդեցություն ունեն ժողովրդագրական ցուցանիշների վրա. Այդ գործոններն են ծնելիությունը, միգրացիայի դրական սալդո ապահովելը և կյանքի որակի բարելավում», – նշել է Արտեմ Ասատրյանը:

Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանի մի շարք բնակավայրերում համապատասխան պայմանների ստեղծումը մի քանի տարում մոտ 50 տոկոսով բարձրացրել է ծնելիության ցուցանիշը:  Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ավելի մատչելի դարձնել բնակարանների ձեռքբերման ծրագրերը, նպաստել զբաղվածության խնդրի լուծմանը, կյանքի որակի շեշտակի բարձրացմանը, որպեսզի նաև արտերկիր մեկնած մեր հայրենակիցները հետ վերադառնան ու այստեղ կարողանան գտնել այն ամենը, ինչի համար ժամանակին հեռացել են Հայաստանից:

«Պետք է ներդրումային ծրագրերով ստեղծել կյանքի համար առավել բարենպաստ պայմաններ, ինչը կբերի ծնելիության աճի: Մենք որպես նպատակ սահմանել ենք յուրաքանչյուր ընտանիքում առնվազն երեք երեխա ունենալու մոդելը, որը կբերի ընդլայնված վերարտադրության: Յուրաքանչյուր երեխայի ծնունդը պետք է նշանակի ոչ թե ընտանիքի սոցիալական ծանրաբեռնվածության ավելացում, այլ ճիշտ հակառակը. երեխայի ծնունդը պետք է բերի կամ եկամուտների ավելացման կամ ծախսերի նվազեցման», – ընդգծել է նախարարը:

Ծնելիության աճին նպաստող գործոններից մեկն էլ Արտեմ Ասատրյանը համարում է եկամուտ ստեղծելը և երեխայի խնամքը զուգակցելու հնարավորություն ունենալը, որպեսզի երկու ծնողն էլ կարողանան աշխատել: Երիտասարդ մայրերին խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում դայակի գումարի մասնակի փոխհատուցման ծրագիրը նախարարը առարկայական քայլերից մեկն է համարում:

Հաջորդ գերակայությունը՝ մեխանիկական աճ ապահովելը նշանակում է էմիգրացիոն հոսքերի կրճատում: ՀՀ կառավարության գերխնդիրն է՝ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելը, ինչն, ըստ Արտեմ Ասատրյանի, կարելի է իրականացնել շատ ավելի փոքր միջոցներով.

«Մենք ուղղակի պետք է կարողանանք վերացնել այն հիմնական պատճառները, որոնց հետեւանքով մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում: Նախանշել ենք նաև հայրենադարձության ծրագրեր»:

Կյանքի որակի բարելավումը, ինչպես նախարարն է ասում, գրեթե բոլոր բնագավառներին է վերաբերում՝ սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, մշակույթ, կրթություն եւ այլն: Այս բոլոր ուղղություններում եւս կան նախանշված քայլեր:

«Այն, որ այս խնդիրները բարձրաձայնվում են պետական պաշտոնյայի կողմից, նշանակում է, որ կարեւորագույն քայլերի սկիզբ է ազդարարվում: Այնպես չի, որ խնդիրների մասին նոր ենք իմացել, բայց վստահ եղեք, որ այդ ուղղությամբ արդեն առարկայական քայլեր են իրականացվում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից մինչեւ նպատակային ծրագրերի մշակում եւ իրականացումը: Մենք ըստ յուրաքանչյուր բնակավայրի գնահատված կարիքների եւ ռեսուրսների, զարգացման ծրագրի ներքո միջոցառումների իրականացման խնդիր ենք դրել»:

Հարցին, արդյո՞ք մահացության գործակիցը չի համարվում բնակչության թվաքանակի վրա ազդող հիմնական գործոններից մեկը, և ի՞նչ է նախատեսվում անել Հայաստանի ծերացող բնակչության կյանքի միջին տևողությունը բարձրացնելու համար, Արտեմ Ասատրյանը պատասխանել է. «Ըստ բնակչության կառուցվածքի՝ մենք այսօր ծերացող հասարակություն ենք ու դա շատ կարևոր ուղղություն է մեզ համար: Մեր խնդիրն առաջին հերթին առողջապահական ծառայություններն են և հետո տարեց անձանց հնարավորինս երկար աշխատաշուկայում պահելը: Հոկտեմբերի 1-ից սոցփաթեթների տրամադրման գործընթացի սկզբունքի փոփոխությունը  բերելու է նրան, որ առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենք են  շահագրգռված լինելու շահառուներին գրավելու առումով, ինչը կբարձրացնի մի կողմից մրցակցությունը և մյուս կողմից՝ ծառայությունների որակը: Մենք ունենք նաև ծառայությունը հասանելի, մատչելի դարձնելու խնդիր, որովհետև այդ խմբի մարդիկ բավականին պասիվ կերպով են օգտվում իրենց տրված հնարավորությունից ու սոցիալական արտոնություններից: Կյանքի միջին տևողության հետ կապված, պետք է ասեմ, որ մահացության հիմնական պատճառների դեմ պայքարի համար հնարավորություններ երկրում կան, ուղղակի պետք է հասանելի դարձնել մարդկանց»,-նշել է նախարարը՝ պարզաբանելով, որ նախատեսվում է էապես մատչելի դարձնել անոթների ստենդավորման ծառայությունները, ինչն առաջիկայում տեսանելի կլինի:

Իսկ թե ինչպես է պետությունը հայթայթելու առաջ քաշվող նպատակի իրականացման համար անհրաժեշտ հսկայական միջոցները և արդյո՞ք նախատեսվում է համագործակցություն մասնավոր կազմակերպությունների հետ, Արտեմ Ասատրյանը պատասխանել է. «Պետության ու մասնավորի համագործակցությունը սահմանված խնդիրների լուծման գործում միանշանակ անհրաժեշտ  բաղադրիչ է լինելու: Մենք առհասարակ դիտարկում ենք երկու հիմնական գործոն. առաջինը բիզնես միջավայրն է, որը պետք է իր մասնակցությունն ունենա համայնքներում կյանքի բարելավման գործում, և երկրորդ բաղադրիչը դա այդ համայնքներից դուրս եկած, արտերկիր մեկնած, սակայն իրենց բնակավայրերի հետ հոգևոր կապը չկորցրած մարդիկ են, որոնց ներուժը ևս պետք է ուղղվի երկրում առկա խնդիրները լուծելու նպատակին»:

Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացմանը՝ նախարարի խոսքով տրված է երեք ամիս ժամկետ բոլոր ծրագրային ուղղությունները, միջոցառումները՝ ֆինանսական գնահատականներով, ներկայացնելու կառավարություն, որից հետո կսկսվի իրականցման փուլը:

Ժողովրդագրական իրավիճակը բարելավելուն ուղղված նախարարության հայեցակարգը, ըստ նախարարի, ենթադրում է բազմակողմանի ու երկարաժամկետ ծրագրերի իրականացում:

Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի կողմից: