ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ դեկտեմբերի 8-ին կայացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Նիստի ընթացքում ներկայացվել է նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններ՝ մանկատներ, գիշերօթիկ խնամքի և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ այցելելու, նկարահանելու, հարցազրույցներ վարելու և առանձնահատուկ դեպքերի հրապարակայնության վերաբերյալ կանոնակարգի նախագիծը, որի նպատակը շահառուների անձնական տվյալների մշակման վերաբերյալ իրավահարաբերությունների համակարգումն է՝ պայմանավորված շահառուների կարգավիճակի առանձնահատկություններով:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է նախագծի քննարկումը՝ նշելով, որ խնդիրն ավելի գլոբալ է. «Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են և այս պահին «Երեխաների իրավունքների մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներն ամբողջությամբ վերանայվել են և արդեն նոր նախագծերը դրվել են հանրային քննարկման»:
Նախագծի հետ կապված խորհրդի անդամների կողմից առաջարկվել է ունենալ նաև մեթոդական ուղեցույց, որտեղ հստակ կնկարագրվի ողջ ընթացակարգը, որի հետ կապված խորհրդի անդամների առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կներկայացվեն նախագիծը լրամշակելու համար:
Այնուհետև նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը ներկայացրել է տեղեկատվություն մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
Նախարարի տեղակալի ներկայացմամբ նոր գործողությունների ծրագրով նախատեսվում է 96 միջոցառում, որի 25 տոկոսն իրականացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով և որոնց իրականացման մասով նախարարությունը համարվում է համակատարող:
Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության անունից մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց բնակարաններ նվիրաբերելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններն անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա նվիրաբերել մանկատան շրջանավարտներին:
«Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի արդյունքներն ու ամփոփ տվյալները նիստին ներկայացվել է Խորհրդի անդամ Աննա Մնացականյանի կողմից, իսկ «Արմավիրի զարգացման կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի զարգացում Արմավիրում և Արարատում» ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Նիստի ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը ևս մեկ անգամ կոչ է արել խորհրդի անդամներին ցուցաբերել ակտիվություն, բարձրաձայնել ոլորտին վերաբերող ցանկացած հարց և խնդիր, քանի որ նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի առկա խնդիրներին լուծումներ տրվեն պետություն-հասարակություն ակտիվ համագործակցության արդյունքում: