Դեկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին:
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի փորձառությունն ու նոր մոտեցումները կնպաստեն հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Ֆրանսիայի դեսպանի պարտավորությունների ստանձնումը Հայաստանում մեծագույն առաքելություն է և ներկայացրել է դեսպանության կողմից իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրերը և համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ:
Նախարար Արտեմ Ասատրյանն, իր հերթին նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով ներկայում բարեփոխումներ են իրականացվում և դրանց հիմնական նպատակը ոլորտին հատկացված միջոցների հասցեականության ապահովումն է:
Ներկայացնելով աշխատանքային օրենսգրքում կատարվող հիմնական փոփոխությունները՝ նախարարը նշել է, որ դրանք միտված են ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխանեցմանը և նպատակ ունեն բարձրացնել աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ միևնույն ժամանակ գործատուներին թեթևացնելով գործող օրենսգրքով նախատեսված որոշակի կոշտ կարգավորումներից: «Կարևորագույն խնդիր ենք դիտարկում նաև եռակողմ բանակցությունների ինստիտուտի լիարժեք կայացումը՝ գործատու- արհմիություն-կառավարություն: Եվ մշակվող օրենսգրքում նախատեսում ենք ինստիտուցիոնալացնել այս համագործակցությունը»,- ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նախարարը նշել է, որ մեծ ձեռքբերում է համարում ակտիվները կառավարող երկու ընկերությունների մուտքը և նման կառավարման մշակույթի ներմուծումը Հայաստան:
Նախարարն անդրադարձել է նաև երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և շեշտել, որ առաջիկայում նախարարության ենթակայությամբ գործող բոլոր գիշերօթիկ խնամքի հաստատությունները վերակազմակերպվելու են երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների: «Բարեփոխումների շրջանակներում պետք է հզորացնենք ընտանիքները, որպեսզի ոչ մի երեխա սոցիալական պատճառների հետևանքով չհայտնվի շուրջօրյա խնամքի հաստատություններում»,- ընդգծել է նախարարը:
Հանդիպման ավարտին դեսպանը հաջողություններ է մաղթել ծրագրերի իրականացման գործում և նշել, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը կապերի ամրապնդման և իրականացվող ծրագրերի աջակցման համար: