Հուլիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը, նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջ. Բաղդասարյանը, ԲՍՓ գործակալության պետ Մ. Վանյանը, նախարարության և գործակալության այլ պատասխանատու աշխատակիցներ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ 6 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել կողմերի մոտեցումները հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրների լուծման, մասնավորապես` անձին հաշմանդամ ճանաչելու, վերականգնողական անհատական ծրագրեր մշակելու և իրագործելու, առանձին ՀԿ-ների կողմից բարձրացվող խնդրահարույց հարցերը ժամանակին ու խորությամբ քննարկելու, առաջին աղբյուրից հավաստի տեղեկատվություն ստանալու ուղղությամբ:
Հանդիպման սկզբում բոլոր մասնակիցները հանգամանորեն ներկայացրեցին իրենց գործառույթները, որից հետո հասարակական սեկտորի ներկայացուցիչները խոսեցին իրենց շահառուների կողմից բարձրացված կոնկրետ հարցերի մասին:
Մասնավորապես` մինչև 1999թ. բժշկա-աշխատանքային փորձաքննական հանձնաժողովների կողմից առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին տրված քաղվածք-տեղեկանքների մեջ նշվում էր, որ տվյալ անձն անաշխատունակ է, ինչն այսօր առանձին դեպքերում խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամների աշխատանքի տեղավորման համար: Պարոն Վանյանը պարզաբանեց, որ այդ անձինք կարող են դիմել ԲՍՓՀ, քաղվածք-տեղեկանքում համապատասխան փոփոխություն կատարելու համար:
Գործակալության պետի ուշադրությունը հրավիրվեց նաև փորձաքննության նպատակով հանձնաժողովներ դիմող որոշ հաշմանդամների նկատմամբ հանձնաժողովների անդամների ոչ կոռեկտ վերաբերմունքի դեպքերի վրա:
Հանդիպման ընթացքում հնչեցին մի շարք առաջարկություններ.
- առաջին խմբի հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրերում (ՎԱԾ) կատարել համապատասխան նշումներ` միջավայրի հարմարեցման (թեքահարթակներ, վերելակներ և այլն) անհրաժեշտության վերաբերյալ
- ծանոթանալ և համատեղ քննարկել այլ երկրների ՎԱԾ-երի տարբեր մոդելներ
- ԲՍՓ դիմող քաղաքացիների հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով ստեղծել «Թեժ գիծ»:
Նախարարության պատասխանատուները վստահեցրեցին մասնակիցներին, որ բարձրացված բոլոր հարցերին հնարավորին կարճ ժամկետներում կտրվի լուծում:
Բոլոր մասնակիցները նշեցին, որ նման հանդիպումները նպաստում են համագործակցությանը և պատրաստակամություն հայտնեցին այն դարձնել շարունակական:
P.S. Ի դեպ, մինչև նյութը պատրաստվում էր տպագրության, գործակալությունից հայտնեցին, որ բոլոր ԲՍՓ-ների նախագահներին տրվել է համապատասխան հանձնարարական` առաջին խմբի հաշմանդամների ՎԱԾ-երում նշում կատարել միջավայրի հարմարեցման անհրաժեշտության վերաբերյալ: