«Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը». Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

0
259

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել. ՀՀ 2017 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 408.9 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 30.1 տոկոս), 91 ծախսային ծրագրի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 365 մլրդ դրամ: Ծախսարդյունավետության բարձրացումը կազմել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ շուրջ 6.8 մլրդ դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով իրականացվելիք այդ ծախսային ծրագրերի ուղղություններին: Նախարարի խոսքով՝ 2-րդ ուղղությունն իրականացվող ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումն է, և այս առումով կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բնակչության խոցելի խմբերին, ծայրահեղ աղքատության և աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը շարունակական կատարելագործման կարիք ունեն՝ թե´ մոնիթորինգի ու գնահատման համակարգի, թե´ պարամետրերի բարելավման միջոցով: 3-րդ ուղղությունը քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է՝ դրանք առաջին հերթին պայմանավորելով գնահատված կարիքներով: Ա.Ասատրյանը նշել է, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրել, ներդրվել են առցանց ծառայություններ, իրականացվել է տեղեկատվության թվայնացում:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը զեկուցել է, որ 2017 թ. արմատապես փոխվել է հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի տրամադրման ընթացակարգը. այժմ անձը պետական հավաստագրերի միջոցով կարող է ձեռք բերել իր անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք: Ֆինանսական տեսանկյունից ներդրվել է որոշակի բոնուսային համակարգ, որպեսզի շահառուն իր կողմից օգտագործվող պարագան ավելի արդյունավետ և խնայողաբար օգտագործի: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է տարեկան ունենալ 25 տոկոս տնտեսում:

Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և սոցիալական դեպքի վարման գործառնական հենքի ձևավորման գործընթացների վերաբերյալ: Նրա խոսքով՝ վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Քննարկման փուլում է սոցիալական աշխատանքի մասին օրենքի նախագիծը, որը պետք է սահմանի սոցիալական աշխատանքի ինստիտուտի ձևավորման իրավական հիմքերը:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է հստակ ձևակերպված խնդիր ունենա, և այդ առումով սոցիալական աշխատանքի համակարգի ինստիտուցիոնալացումը պետք է որակական փոփոխություն և կոնկրետ արդյունք ապահովի ոլորտում, այլապես դա ինքնանպատակ գործողություն կարող է դառնալ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը զեկուցել է, որ հաշվետու տարում կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: 2017 թ. հունվարից ներդրվել է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումի առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս ծնողին, առանց տանից դուրս գալու, առցանց եղանակով դիմել և ստանալ նպաստի գումարը: 2018 թ. հունվարից կներդրվի 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգը: Գործարկվում է աշխատանքային գրքույկների հաշվառումը և առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար էլեկտրոնային լուսապատճենների ստեղծումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգը: ՍԱՊԾ պետի խոսքով՝ 2018 թ. մատուցվող 17 ծառայությունից նախատեսվում է առցանց դարձնել 4-5-ը:

Վարչապետը, կարևորելով առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնումը, հանձնարարել է էլ ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և դիտարկել ընթացիկ տարում ոչ թե 4-5, այլ ավելի մեծ թվով ծառայությունների համար էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորությունները:

Շարունակվել է բնակչության սոցպաշտպանության հաստատությունների՝ մանկատների, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների, որտեղ ծառայություններ են մատուցվում նաև հաշմանդամ երեխաների համար: Համակարգի 6 մանկատանը կազմակերպվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 620 երեխայի խնամքը: Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ծրագրի շրջանակում Լոռու և Շիրակի մարզերում կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 երեխա, կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է խոցելի խմբերի երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումը և հանձնարարել է այդ ծրագիրն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել:

Մշտադիտարկման և գնահատման միասնական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում 2017 թ. իրականացվել է 41 ծրագրի մշտադիտարկում և գնահատում (զբաղվածության կարգավորման պետական 2016թ. ծրագիր, հաշմանդամության հիմնահարցեր, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցություն և այլն): Տեղեկատվություն է ներկայացվել զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքների և զբաղվածության տարածքային կենտրոնների գործունեության վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան վերլուծություն:

Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել խնդիրները, որին ձգտում են հասնել. «Բիզնեսի մեջ, կառավարման մեջ չափազանց պարզ մի կանոն կա, եթե դու չես կարողանում ձևակերպել՝ ինչի ես ուզում հասնել, դու դրան հասնելու շանս չունես: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը: Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի»: